Այս պահին Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին. Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքի մասին

Որտե՞ղ էին այդ «բնապահպանները», երբ Ադրբեջանը ֆոսֆորային զենք էր կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի իբր «բնապահպանների» կողմից Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի փակման փաստին։

«Այդ ամեն ինչը, էն գլխից երևում է, որ կեղծ է։ Բնապահպանությունը կամ բնապահպանական խնդիրները որպես պատրվակ վերցնում է Ադրբեջանը, օգտագործում է՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց: Ի՞նչ գործ ունի բնապահպանական խնդիրը ճանապարհ փակելու հետ»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։

«Այս պահի դրությամբ Արցախի 120 հազար բնակիչ զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Եթե որևէ մեկն այս պահին շտապ բժշկական աջակցության կարիք ունենա Երևանի, Գորիսի կամ մեկ այլ բնակավայրի ԲԿ-ներից մեկում, ուղղակի չի կարող։ Էլ չեմ խոսում դեղորայքային մատակարարումների և այլ հումանիտար խնդիրների մասին»,-նշեց Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ խնդիր է դրված հեղինակազրկել ռուս խաղաղապահներին և հող նախապատրաստել, որպեսզի 2025-ից հետո չերկարացվի ռուս խաղաղապահների ժամկետը՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Նա վստահեցրեց, որ խնդրի կարգավորմամբ այս պահին զբաղվում է ռուս խաղաղապահների զորակազմը, քանի որ այդ ճանապարհի և Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուն նրանք են։

Նշենք, որ արդեն երկրորդ անգամ են ադրբեջանցի «բնապահպանները» փակում Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհը։