ՏՏ ոլորտին պետական աջակցություն տրամադրելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել ևս 1 տարով՝ մինչև  2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացում կատարելու մասին» և  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

2015 թ. ուժի մեջ մտած օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի և  եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:

Նախարարությունը, հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները և  տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակելու և Կառավարության քննարկմանն է ներկայացնելու աջակցության նոր ծրագրեր:

Նախագիծը քննարկվել և ընդունվել է ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ: