ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու օրենքի նախագիծը։

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 65 կողմ, 28 դեմ ձայներով:

Ներքին գործերի նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաև «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները: Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը` Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ:

Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:

Մասնավորապես, Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման համար, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին` Ոստիկանության պետը: Անդրադառնալով պատգամավորների հարցերին` փոխնախարարը հայտնել է, որ վերոնշյալ կառույցների աշխատակիցների սոցիալական վիճակը փոփոխությունների արդյունքում չի վատանալու: