Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի տեքստի վրա ենք աշխատում. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի հետ կապված մենք շարունակում ենք աշխատել, փորձել տեքստը, որ ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք Ադրբեջանին և մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե ինչու մինչև տարեվերջ հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումը իրականություն չի դառնում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք ասում էինք, որ մեր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենանք: Հայաստանն ի դեմս իշխանության՝ իր բոլոր ջանքերը ներդրել է, որ կարողանանք մինչև տարեվերջ այդ պայմանագիրն ունենալ: Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մինչև տարեվերջ կստացվի: Բայց մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ մյուս տարի:

Տեքստի վրա մենք շարունակում ենք աշխատել, տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին»: