Սա Նիկոլին էլ է ձեռնտու. հանկարծ Արցախից զենք չբերեն Հայաստան, մեկ էլ տեսար բերին, ամա՜ն…

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը երեկ ճիշտ էր ասում` Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են:

ԱԱԾ հրապարակած պարզաբանման  համաձայն, ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, որի ընթացքում «վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»:

Ի՞նչ… Խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համա՞ր…Այդ ո՞ր օրվանից է Ադրբեջանը շահագրգռված խաղաղապահների աշխատանքը հեշտացնելով…

Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ երեկ հեռարձակված հարցազրույցում հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով», տեղեկացրել է, որ նշված պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։

Գեներալի խոսքով՝ տեխնիկական հսկողության միջոցներով «մինի մաքսակետը» գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։

Հարկ է ուշադրություն դարձնել, որ Վոլկովն այս մասին հայտնել է շաբաթ օրը Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, երբ բնապահպան ներկայացած մի խումբ ադրբեջանցիներ (ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ու ՊՆ աշխատակիցներ) տևական ժամանակ փակել են Գորիս- Ստեփանակերտ ճանապարհը և այդ առումով որոշ ճնշում գործադրելով ռուսական խաղաղապահների վրա, պահանջել, որ իրենք նույնպես հսկողություն ունենան Գորիս- Ստեփանակերտ մայրուղու նկատմամբ:

Դժվար չէ հասկանալ, որ նրանք այս պահանջը ներկայացրել են այն պատճառաբանությամբ, թե նշված ճանապարհով Հայաստանից զենք- զինամթերք է տեղափոխվում, ըստ իրենց, Ադրբեջանի մաս կամ տարածք հանդիսացող Ղարաբաղի անօրիանական զինված կազմավորումներին: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարի ասածը, որ նշված պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում, ըստ էության, եղել է Ճանապարհը բացելու դիմաց ռուսական կողմի փոխզիջումը:

Արցախի Անվտանգության խորհրդի երեկվա հայտարարությունն  արդեն հստակեցրեց և որոշակիություն հաղորդեց, թե Գորիս- Ստեփանակերտ մայրուղու  վրա «մինի մաքսակետում» տեխնիկական վերահսկման սարքերն ինչու են դրվելու: Ըստ ԱԽ հայտարարության, «Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։

Պա՞րզ է, չէ՞, որ Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետը Վոլկովի ասած «մինի մաքսակետի» է վերածվելու, այնտեղ ռենտգեն-սկաներ է տեղադրվելու Հայաստանից Արցախ հենց զենք- զինամթերքի տեղափոխումը հայտնաբերելու, կանխելու նպատակով, եթե, իհարկե, կա դրանց գաղտնի առաքում: Այլ խնդիր է, որ նույնիսկ ռենտգեն-սկաները տեղադրելուց հետո, ռուսական խաղաղապահները, ցանկության դեպքում, կարող են աչք փակել Արցախ զենք- զինամթերքի առաքման նկատմամբ, բայց կարող են և հայտնաբերել ու չթույլատրել, առգրավել:

Բոլոր դեպքերում, Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել խեղդել Արցախի Պաշտպանության բանակը, զրկել նրան զենք- զինամթերքի հնարավոր մատակարարումներից և աստիճանաբար վերացնել: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը սրա դեմ չի խոսում, քանի որ դա ձեռնտու է նաև իրեն` Արցախի հիմնախնդրից մեկընդմիշտ ազատվել ձգտողին, նախատեսվող ու մշակվող «խաղաղության պայմանագիր» կոչվածով ԱՀ կարգավիճակի հարցի որոշումը հետագային թողնելուց հրաժարվողին և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին նվիրել կամ ծախել փորձողին:

Բացի վերոնշյալից, Նիկոլի համար մի կարևոր հանգամանք էլ կա. հանկարծ Արցախից զենք չբերեն Հայաստան, երբ վճռական պահը գա, հանկարծ այնտեղից զենքով մարդիկ չգան, ռենտգեն-սկաները հայտնաբերի… Հերթական անգամ այն, ինչ ձեռնտու է Ալիևին, ձեռնտու է նաև Նիկոլին:

 

Արթուր Հովհաննիսյան