Ձեր աքլորականչը միայն ավեր է բերում

Երեկվանից գիտակից հանրությունը վրդովված է այս ապիկար իշխանությունների հերթական բարբարոսությունից: Նրանց անշրջահայացության հետևանքով վնասվել ու վտանգվել են մայրաքաղաքի Հանրապետության հրապարակն ամբողջացնող տուֆակերտ շինությունները, որոնք, ի դեպ, ոչ միայն պատմամշակութային արժեք են և ներառված են պետության կողմից պահպանվող կարևոր հուշարձան-շինությունների ցանկում, այլև ՀՀ կառավարական հատուկ նշանակության շենքեր են և հատուկ կառույցների պաշտպանությամբ ու պահպանությամբ են ապահովագրված, որոնք սակայն հակառակ գործառույթ են իրականացնում: Այսօր Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ մեր ճարտարապետական ու քաղաքաշինական մշակույթի հանդեպ նման հանդգնության մեջ խառն է նաև ԿԳՄՍ նախարարության մատը, որի՝ մշակույթի համար պատասխանատու վարչությունն էլ պետք է տեր կանգներ այդ շինություններին: Բայց դրան կանդրադառնանք ավելի ուշ: Եվ փաստորեն բարբարոսների ձեռքը նաև այդ շինություններին հասավ: Կառավարության, Երևանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի «Հայփոստի» հոյակերտ ու զարդաքանդակներով պատված շինությունների վրա բազմաթիվ անցքեր են արվել ամանորյա լուսավորությունն ամրացնելու նպատակով: Դատելով լրատվամիջոցներով տարածված տեսանյութերից, ռեպորտաժներից ու լուսանկարներից՝ լամպերի ամրացման համար հաճախ անցքեր են բացվել հենց զարդաքանդակների, կամարների ու սյուների վրա, ինչի հետևանքով դրանք ճաքճքել են, կոտրվել, փշրվել ու թափվել՝ վերքեր բացելով պատմամշակութային շենքի վրա: Ինչպես ահազանգում են մասնագետները՝ այդ վնասվածքները կարող են ժամանակի ընթացքում շենքի համար լուրջ վտանգներ ստեղծել՝ ճանապարհ բացելով փոշու, խոնավության ներթափանցման համար: Եվ հետո վնասվածքը քաղցկեղի պես կտարածվի ամբողջ շինությունով:

Հիշո՞ւմ եք ինչպիսի աղմուկ էր ժամանակին բարձրացրել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ կառավարության շենքին երկրորդ գմբեթը տեղադրելու գաղափար-նախագիծը: Տարատեսակ իրավունքների պաշտպանության համար իբրև պայքարող կազմակերպություն չմնաց, որ քննադատող հայտարարություն չտարածեր այդ նախագծի դեմ ու այստեղ-այնտեղ Նարեկ Սարգսյանի անունն արատավորող հոդվածներ չպատվիրեր: Այս վանդալիզմը կարծես թե նրանց սրտով է, քանի որ նրանցից որևէ մեկը խնդրին չի անդրադարձել մինչև հիմա: Դե ինչպե՞ս կարող են համարձակվել, չէ՞ որ Հանրապետության Հրապարակի առանցքը համարվող շինությունների այլանդակ այլակերպումը իրենց արևմտյան տերերին հաճոյանալու համար է արվում՝ Երևանում մանկական Եվրատեսիլն անցկացնելու կապակցությամբ: Ինչպես հայտնի է, այս տարի մանկական Եվրատեսիլը Երևանում է նախատեսված, քանի որ նախորդ տարի այդ միջոցառման կազմակերպիչների քաղաքական բարեհաճությամբ Հայաստանի մասնակիցը հաղթող դարձավ միջազգային մրցույթում: Ծավալվելու հարկ չկա, կարծում եմ, թե այդ միջոցառման հաղթանակներն ինչի կամ ինչ գնով են ձեռք բերվում: Եվ ահա դեկտեմբերի 11-ին Մարզահամերգային համալիրը կհյուրընկալի Եվրատեսիլի մասնակիցներին ու հյուրերին: Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է մրցույթի մասնակից փոքր երգիչների անմիջական մասնակցությամբ վառել Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը՝ ի լուր աշխարհի խայտառակելով Հայաստան երկիրը, որի իշխանությունները 44-օրյա պատերազմի ու սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ թշնամու ականից զոհված ու դեռ հողին չհանձնած զինվորների դիերի շուրջ նման խրախճանքներ է կազմակերպում՝ պատճառաբանելով, թե մեզ տոն է հարկավոր՝ իբրև հակակշիռ սգի ու ողբի:

Դա խնդրի բարոյական կողմն է, երբ պատիվն ու արժանապատվությունը, գաղափարը, պատմությունը, ոգեղենը ստորադասվում է խամրող նյութին, այն ամենին, ինչը քրիստոնեական դավանանքով մահացու մեղք է համարվում: Եվ դրան ավելանում է ազգային մշակույթի ժառանգության ոչնչացումը սեփական ձեռքերով, երբ թշնամու կողմից դավադրաբար գրավված Արցախում այդ նույն թշնամու մշակութային բարբարոսությունն ենք քննադատում մեր ազգային արժեքների, հուշարձանների նկատմամբ: Ուրեմն ինչ բարոյական իրավունք ունենք այդ հանցագործությունների փաստերը ձեռքներիս գոռալ-գոչել միջազգային ատյաններում, երբ նրանց ակնհայտորեն ցույց ենք տալիս, որ մենք էլ առաձնապես սրտացավ չենք մեր ունեցածի նկատմամբ:

Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 301-302-րդ հոդվածները համապատասխան պատիժներ են նախատեսում նմանօրինակ արարքների համար, և ստացվում է, որ այս օրերին Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքային իշխանությունների ու կառավարության թողտվությամբ բոլորի աչքի առաջ հանցագործություն է կատարվում, որի համար այդ նույն կառավարությունն անպատժելիության երաշխիքներ է տվել: Ըստ քրօրի 301-րդ հոդվածի՝ պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը ոչնչացնելը կամ վնասելը պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով՝պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Հասկանալի է չէ՞, որ որևէ մեկը չի պատժվելու այդ հանցանքի համար, որը մայրաքաղաքի բյուջեի համար զգալի բեռ է դարձել: Ըստ Երևանի քաղաքապետարանի կողմից լրատվամիջոցներին տված տեղեկության՝ մեծածավալ ամանորյա լուսավորության նախագծի իրականացման համար քաղաքային բյուջեից 191 մլն 600 հազար դրամ է դուրս գրվել: Թե երևանցիների կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար ինչ այլ նպատակներով կարելի էր ծախսել այդ գումարը, թող մասնագետները թվարկեն, իսկ թե մանկական Եվրատելիսը ճոխ անցկացնելը, թե մի քանի օրվա համար նախատեսված լույսերն ու լուսավորությունը որևէ մեկիս կյանքում ոչ մի բարելավում չի ապահովելու, փաստ է: Երևանցիները նորից շարունակելու են երթևեկել «բարեփոխված» տրանսպորտով, որին սպասելիս ցուրտ կանգառներում կարելի է տարբեր հիվանդություններ ձեռք բերել, ապաշնորհ կառավարման հետևանքով նյարդեր քայքայող խցանումների պակաս չենք ունենալու, շատ երևանյան շենքերում բնակիչները վերելակներից օգտվելու են իրենց կյանքի սպառնալիքն աչքների առաջ և այլն, և այլն:

Ի դեպ, ճարտարապետ մասնագետները հավաստում են, որ գրեթե նույնքան գումար անհրաժեշտ կլինի Եվրատեսիլի հետևանքները վերացնելու համար, ինչպես որ այսօր խոստացել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  նախքան լուսավորման նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։ Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Իսկ դա ևս լրացուցիչ ծախսեր է նախատեսում, որի համար վճարելու ենք մենք՝ երևանցիներս՝ այդպես էլ չհասկանալով արված ծախսի իմաստն ու արդյունավետությունը: Թերևս նման դեպքերի համար է ասված՝ հարսի փեշով փեսային լավություն են անում: Թող ներեն ինձ ընթերցողները, բայց ժողովրդական իմաստությունն այս դեպքում ամենախոսունն է: Թե որքան կարժենան վերականգնման աշխատանքները, քաղաքապետարանը լռում է:

Ինչ վերաբերում է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, պարզվում է, որ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով. Դա այս իշխանությունների սիրելի ձեռագիրն է: Գնումների պետական համակարգի տվյալներով՝ ընկերությունն առաջին անգամ է պետական գնման մասնակցում և միանգամից նման «չաղ» ու պատասխանատու պատվեր է ստանում՝ թերևս համապատասխան փորձառություն և դատելով կատարած աշխատանքից՝ մասնագիտական որակավորում չունենալով: Մեզ համար սովորական է դարձել ամենուրեք ոչ պրոֆեսիոնալների, ապիկարների, ձախողողների բախվելը, բայց չէ՞ որ դրա հետևանքով արժեքներ են ոչնչանում, որոնք ստեղծվել ու փայփայվել են հարյուրամյակներով: Եվ արդյո՞ք Երևանի քաղաքապետի պաշտոնն այս պահին իրականացնող անձը այսպիսի աշխատանքի մասին էր երազում, երբ աքլորների թեման էր առաջ տանում: Երանի ձեր աքլորներն ընդմիշտ պապանձվեին, և ձեր կատարած աշխատանքը ավերներ չփռեր մեր առանց այն էլ չարչրկված քաղաքում:

Թագուհի Ասլանյան