ԱՄՆ-ը ստեղծել է կորոնավիրուսի տարբերակ՝ 80 տոկոս մահացությամբ

Սարսափելին կլինի այն օրը, երբ ահաբեկված մարդիկ կվազեն պատվաստվելու կամ նույնիսկ դրա համար հերթ կկանգնեն

 

ՌԴ պաշտպանության նախարարությունն օրերս հայտնեց, որ Միացյալ Նահանգները ստեղծել է կորոնավիրուսի տարբերակ՝ 80 տոկոս մահացությամբ:

Եթե ԱՄՆ-ը բացեց պանդորայի վերոնշյալ արկղը, ապա նրա տվյալ քայլը կլինի ոչ միայն ահավոր, այլև, հավանաբար, ամեն ինչի վերջը: Ռուսաստանին ու Չինաստանին թշնամու դեմ իրենց միջուկային զինանոցի կիրառումից բացի, միգուցե այլ բան չմնա…

Ինչպես նոյեմբերի 26-ին տեղեկացրեց «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի մի տարբերակ, որն առաջացնում է կենդանիների 80 տոկոսի մահ. այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը Telegram-ի իր ալիքում։

«Հոկտեմբերին Բոստոնի համալսարանում ստեղծվել է կորոնավիրուսային վարակի արհեստական հարուցիչ` հիմնված «Օմիկրոն» շտամի և սկզբնական «ուհանյան» տարբերակի վրա։ Ամերիկացիների ստացած մոդիֆիկացված վիրուսը առաջացրել է հիվանդ մոդելային կենդանիների (փորձակենդանիների.- Ա.Հ.) 80 տոկոսի մահ՝ ատիպիկ նյարդաբանական ախտանիշների և թոքերի ծանր վնասների զարգացմամբ»,- հայտարարել է Կիրիլովը:

Նրա խոսքով` հակամարմինների պաշտպանիչ հատկությունները 11 անգամ նվազում են նոր ախտածնի (վիրուսի.- Ա.Հ.) հետ փոխազդելիս, իսկ դրա դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն անարդյունավետ են։

ՃՔԿՊ զորքերի ղեկավարը հավելել է, որ նման փորձի անցկացումը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգներում բացակայում է գենային ինժեներիայի և սինթետիկ կենսաբանության ոլորտում գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների պետական ​​վերահսկողության համակարգը։

Բացակայո՞ւմ է, թե տվյալ աշխատանքներն ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրի մասն են և որոշակի նպատակով ու գաղտնի կերպով պատվիրակվել կամ հանձնարարվել են Բոստոնի համալսարանին կամ նրա մի խումբ մասնագետների… Մեր այս կասկածն ու հռետորական հարցն անհիմն չեն. գեներալը հենց ինքն է հավելել. «Չնայած կենսաբանական բարձր ռիսկերին, ուսումնասիրությունն իրականացվել է ամերիկյան պետբյուջեի միջոցներով, առանց կենսանվտանգության ազգային կարգավորչի համապատասխան հաստատման»:

Ավելին. Կիրիլովը հիշեցրել է, որ Պենտագոնը տիրապետում է համակարգի, որը թույլ է տալիս իրական ժամանակում վերահսկել ամբողջ աշխարհի լաբորատորիաներում առանձնապես վտանգավոր ախտածինների գտնվելու վայրը և օգտագործումը: Այն նաև հնարավորություն է տալիս ստանալ հասանելիություն գիտափորձերի արդյունքներին` «էթիկայի և իրավական տեսանկյունից ոչ միանշանակ»: Կորոնավիրուսի նոր շտամի ստեղծումը Կիրիլովը դրանց թվին է դասել։

ՃՔԿՊ զորքերի ղեկավարը նույն օրն ավելի վաղ հայտնել է, որ Ուկրաինան, Պենտագոնի վերահսկողության ներքո, անցկացրել կամ շարունակել է անցկացնել վարակիչ հիվանդությունների հարուցիչների փորձարկումներ զինծառայողների և հոգեկան հիվանդների վրա: Ինչպես նշել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը, Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կվերլուծի այդ տեղեկատվությունը։

Դեռ 2022թ. մայիսի 14-ին «Ինչ է սպասվում մեզ առջևում ըստ աշխարհի առավել տեղյակ պաշտոնյաներից մեկի» վերտառությամբ հրապարակմամբ  ներկայացրեցինք, թե ինչ է սպասվում մեզ առջևում, ոչ թե, ասենք, 100 կամ 50 տարի հետո, այլ մոտ կամ նույնիսկ շատ մոտ ապագայում: Այդ տեղեկատվության հեղինակը` ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, առաջիկայում սպասվողը հանրությանը չի ներկայացրել որպես կանխատեսում, հակառակը` Telegram-ի իր ալիքում մայիսի 13-ին կատարած գրառման  վերնագրի դիմաց, փակագծերոմ հատուկ նշել է` ընդհանրապես կանխատեսում չէ:

Մեդվեդևը հիշյալ նշումով ակնարկել է, որ իր կողմից ներկայացվող իրադարձությունները և իրավիճակները, որոնք առաջիկայում սպասվում են աշխարհում, բխում են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայտնի որոշակի փաստերից և որոշ դեպքերում գրեթե անխուսափելի են, որոշ դեպքերում` անխուսափելի: Կրկնում ենք` ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն, ի պաշտոնե, աշխարհի առավել տեղեկացված ու տեղյակ պաշտոնյաներից մեկն է:

«Ի՞նչ կլինի առաջիկայում, կամ աշխարհը հակառուսական պատժամիջոցներից հետո» վերտառության ներքո Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում մասնավորապես գրել էր.

«7. Կսկսվեն նոր համաճարակներ՝ առաջացած սանիտարահամաճարակային ոլորտում ազնիվ միջազգային համագործակցության մերժմամբ կամ կենսաբանական զենքի կիրառման ուղղակի փաստերով»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան