Թուրքիան գրեթե հայտարարեց հարձակվելու իր մտադրության մասին, իսկ հետո…

Հետաքրքիր է, թե ՌԴ-ն Թուրքիային ինչ է խոստացել անել կամ չանել…

 

Ռուսաստանին կհաջողվի՞ կանխել թուրք –սիրիական պատերազմը, որի բռնկման դեպքում կարող է Մերձավոր Արևելքում իր հիմնական դաշնակցին` Սիրիային փրկելու համար, այդ պատերազմում ընդգրկվել հարկադրաբար, իր համար ամենաանպատեհ պահին և առնվազն Սիրիայի տարածքում ունենալ 2-րդ ճակատ… Հուսանք` այո, որովհետև, հակառակ դեպքում, վերոնշյալ զարգացումները չափազանց վտանգավոր կարող են լինել նաև Հայաստանի համար:

Հենց դա նկատի ունենալով ու տվյալ թեման կարևորելով է, որ օրերս «ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական արջի գլուխը գլխացավից պայթի» վերտառությամբ վերլուծականով  անդրադարձանք առկա փաստերին և ընթացող զարգացումներին, դրանց թվում նաև` թուրք- սիրիական պատերազմը կանխելու ուղղությամբ ՌԴ ջանքերին:

Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության առիթով Թուրքիան նոյեմբերի 19-ից Սիրիայի հյուսիսում օդային ու հրետանային հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևին ու քրդական այլ կազմավորումների: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ռազմագործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն (խոսքը լայնամասշտաբ հարձակման մասին է), ինչն էլ, ընդգծենք, կարող է վերածվել թուրք- սիրիական պատերազմի:

Սիրիան բազմիցս դատապարտել է Թուրքիայի ներկայությունն իր տարածքում։ Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի վերոնշյալ ռազմագործողությունները համեմատել է էթնիկ զտումների հետ։ Նոյեմբերի 22-ին Սիրիայի խորհրդարանի միջազգային կոմիտեի փոխնախագահ Ամմար ալ-Ասադը զգուշացրել է երկու երկրների միջև ռազմական բախման վտանգի մասին։

«Ցանկացած հարված Սիրիայի հյուսիսում թուրքական օկուպացիայի շարունակությունն է,- ասել է նա։- Մեր բանակն իր հողի վրա է, նրա պարտքն է պաշտպանել հայրենիքն ու քաղաքացիներին ցանկացած ագրեսիայից»

Թուրք –սիրիական պատերազմը կանխելու նպատակով, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 24-ի հեռախոսազրույցի ընթացքում բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, «Քննարկվել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը», որտեղ թուրքական բանակը հարվածներ է հասցնում քրդական թիրախներին:

Նոյեմբերի 26-ին «ՌԻԱ Նովոստի»-ն հղում կատարելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը, տեղեկացրեց Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի հայտարարության մասին, որ Թուրքիան չի պատրաստվում թույլտվություն խնդրել հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

«Թուրքիան չի պատրաստվում թույլտվություն խնդրել` երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար գործողություններ իրականացնելու համար»,- մեջբերելով Քալինի խոսքը, գրել է «Anadolu» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանելով Սիրիայի և Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի «Ճանկեր- սուր» ռազմագործողությանն ԱՄՆ-ի արձագանքը, Քալինը նշել է, որ Անկարան պատրաստ է իր դաշնակիցների հետ քննարկել մարտահրավերների և սպառնալիքների թեման` դրանք վերացնելու համար հետագա համատեղ քայլերի համար։

«Երբ կա սպառնալիք, այդ թվում՝ հարձակում կամ ահաբեկչություն, Թուրքիան քննարկում է իրավիճակը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների հետ,- ասել է նա:- Մենք գործընկերներից ակնկալում ենք համատեղ քայլեր, իսկ դրանց բացակայության դեպքում, ինչպես արդեն հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մենք պատրաստ ենք ինքնուրույն լուծել խնդիրը»։

Թուրքիայի ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Սիրիայի և Իրաքի հետ սահմանին թուրքական բանակի բոլոր գործողությունները հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա (ինքնապաշտպանության իրավունք):

«Ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից հայեցակարգը ենթադրում է սպառնալիքի ոչնչացում ի սկզբանե»,- ընդգծել է Քալինը։

Ուշագրավ ևս մեկ հայտարարության մասին. Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ նոյեմբերի 24-ի հանդիպմանը, «ParsToday»-ի տեղեկացմամբ, ասել է, որ Արևմուտքը շարունակում է գոյատևել պատերազմ հրահրող քաղաքականությամբ։

«Արևմուտքը որդեգրել է պատերազմական քաղաքականություն` իր գոյությունը շարունակելու համար,- ասել է Ասադը:- Եթե այս պատերազմները դադարեն, Արևմուտքի հեգեմոն համակարգը կփլուզվի»:

Չնայած Շոյգու- Աքար բանակցություններից հետո Քալինի վերոնշյալ հայտարարությանը, վերջին տեղեկություններից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, հաջողվել է բանակցությունների արդյունքում հասնել հաջողության:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հանդես գալով «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» ծրագրով, հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան, սակայն երկրների միջև հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս դրանք լուծել երկխոսության միջոցով։

«Մեր հարաբերությունների մակարդակը և քաղաքական իմաստությունը թույլ են տալիս մեզ կարգավորել նման տարաձայնությունները ոչ թե առճակատման, այլ լարված, թեկուզ երկար և լարված, բայց, այնուամենայնիվ, բանակցությունների ճանապարհով»,- ասել է Պեսկովը։

Մինչ այս «Shafaq News» պորտալը հայտնել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերսկսել են ավիահարվածները Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստանի տարածքին։ Սրանից կարելի էր եզրակացնել, որ Թուրքիան շարունակելով իր ռազմագործողությունը, չնայած ավելի վաղ իր հոխորտանքներին կամ սպառնալից ակնարկներին, Սիրիայի տարածքում իր թիրախներին նույնիսկ ավիահարվածներ չի հասցրել: Եվ ավելին. Էրդողանը, РБК-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կարող են կարգավորվել։

«Առաջիկա ժամանակաընթացքում նման նրան, ինչպես սկսվեց գործընթացը Եգիպտոսի հետ, այնպես էլ կարող է սկսվել նմանը Սիրիայի հետ։ Քաղաքականության մեջ չի լինում վիրավորվածություն»,- Էրդողանի խոսքերը մեջբերելով, գրել է «Anadolu» գործակալությունը Twitter-ում:

Չե՞ք զարմանում… Արյունարբու Թուրքիայի արյունարբու առաջնորդն այդ ինչո՞ւ և ինչպե՞ս հանկարծակի դարձավ բարի, չանցավ ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողությունների ու նույնիսկ հնարավոր համարեց Սիրիայի հետ բարիդրացիական կամ նորմալ հարաբերությունների հաստատումը…

Բացատրություն 1. այս պահին մեծ պատերազմը չգնահատելով  նպատակահարմար ու խորամանկորեն ցույց տալով, որ բավարարեց Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողություն չսկսելու ՌԴ պահանջը կամ խնդրանքը, Թուրքիան սպասում է երկրում քրդի կամ քրդերի ձեռքով հաջորդ ահաբեկչությանը (այն միգուցե շատ չուշանա…), որից հետո կհայտարարի հետևյալը` բավ է, Թուրքիան այլևս չի կարող համբերել ու հանդուրժել, Ռուսաստանն այս անգամ էլ չկատարեց իր պարտավորությունները, ինչից հետո կանցնի Սիրիայում իր նպատակների իրականացմանը:

Բացատրություն 2. ՌԴ-ին հաջողվեց բանակցությունների, դիվանագիտական աշխատանքի արդյունքում Թուրքիային համոզել, որ ձեռնպահ մնա Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողություններից, բայց նշված արդյունքին հնարավոր է եղել հասնել քաղաքական առևտրով, հետևաբար շատ հետաքրքիր է, թե դրա դիմաց ՌԴ-ն ինչ է զիջել Թուրքիային, ինչ է խոստացել անել կամ չանել…

 

Արթուր Հովհաննիսյան