ՀՀ դեսպանն ու հույն պատգամավորը պայմանավորվել են շարունակել միմյանց սատարելու ջանքերը միջազգային հարթակներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանդինոս Գյուլեկասին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, միջխորհրդարանական դիվանագիտության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև բազմակողմ փոխշահավետ համագործակցությունը միջազգային հարթակներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, անդրադարձել առկա մարտահրավերներին և պայմանավորվել շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ:

Դեսպան Մկրտչյանը հույն պատգամավորին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումների և պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային բոլոր կառույցներում Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքների անթույլատրելիությունը դատապարտող կոչերի և կոնկրետ գործողությունների հրատապ անհրաժեշտությունը՝ դրանք ապագայում կանխելու նպատակով։