Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից. Արցախի պետնախարար

Շնորհակալ եմ Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում սենատորներ Բրունո Ռետայլոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար:

Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից: Փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը երկարատև խաղաղության հաստատման բանակցություններում որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը: Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկնվող ագրեսիվ գործողությունները սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը:

Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի ու արցախահայության ապագայի համար: Իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու համար արցախահայության արդար պայքարը մեկ օր հասնելու է իր նպատակին՝ հայ ժողովրդի վճռականության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ:

 

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյան