44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած Վարդանյանները զույգ երեխա են ունեցել (տեսանյութ)

44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 18-ամյա Նորիկ Վարդանյանին կորցրած Լիլիթ և Վահրամ Վարդանյանները զույգ են երեխա են ունեցել։

«Ես չէի սպասում նման բանի, կարծում էի՝ չի կարող ստացվել։ Մտածում էի, որ մի անգամ փորձելու եմ, որ հանկարծ հետո չմեղադրեի ինձ չփորձելու համար։ Հավատս չէր գալիս, որ կստացվի,- Առողջապահության նախարարության ռեպորտաժում պատմում է նորածինների մայրը՝ Լիլիթը։- Նորոյիս տեղը ոչ մեկը չի կարող զբաղեցնել»։

Ծնողները փոքրիկներին անվանակոչել են Դավիթ և Տաթև։

«Կարծես հեքիաթում լինեմ, աչքերիս չեմ հավատում։ Իրենք մի քիչ կմեծանան ու կիմանան՝ ինչ եղբայր են ունեցել, կնմանվեն իրենց եղբորը»,- ասում է Վահրամ Վարդանյանը։

Առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» ծրագրից օգտվում են նաև 44-օրյա պատերազմում որդի կորցրած ծնողները: 2022թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ` 25 ընտանիքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամաբ 26 երեխա է ծնվել: