Ես դեմ եմ եղել «Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից «Արցախի Հանրապետությունը» հանելուն․ Արտակ Բեգլարյան

«Ես դեմ եմ եղել «Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից «Արցախի Հանրապետությունը» հանելուն»,- այսօր Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը՝ նշելով․  «Այո, նմանատիպ քննարկումներ, խնդիրներ եղել են, հետագայում կանոնադրության նախագծի շուրջ գրավոր ներկայացրել եմ իմ առաջարկները որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ»։ Արդյունքում փոփոխությունները չեն կատարվել։

Բեգլարյանը չի կարծում, որ կապ կա սրա և պաշտոնից իր հեռանալու միջև։
«Չէի ցանկանա նման կապ տալ։ Իրականում գիտեք, թե ինչու եմ ես թողնում պետնախարարի պաշտոնը։ Դա նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է նշանակի պետական նախարար, երբ Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու այդ պարտականությունները, բնականաբար, նախագահի կողմից այդ որոշումը կայացվել է»,-նշեց նա։