Ալեն Սիմոնյանը և Կարո Փայլանը զրուցել են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում նրա հայանպաստ և կարևոր գործունեությանը: «Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ: Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաև իր տպավորությունները և դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ: