Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե իրենց համար արդյո՞ք օգտակար կլինի Պուտինի հրավերը. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձևաչափով, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և ամուր խաղաղության հասնելու բանալին է։ Վերջին հաշվով, Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե արդյո՞ք իրենց համար օգտակար կլինի նախագահ Պուտինի հրավերը՝ ամուր խաղաղության ձգտման ճանապարհին»,- ասել է նա ճեպազրույցում։

Մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բազմիցս հնչեցրած հայտարարություններն այն մասին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Բրյուսելի և Վաշինգտոնի ջանքերը բացառապես գովազդային բնույթ են կրում, Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմն առարկում է իրենց ջանքերը ինքնագովազդ բնորոշելու դեմ։

«Ինքնագովազդային ոչինչ չկա բազմամյա հակամարտություններին և սրացումներին վերջ դնելու ձգտման մեջ, հակամարտություններ, որոնք վերջնարդյունքում հանգեցրել են ինչպես հայերի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների մահվան։ Մեր միակ նպատակն այստեղ այդ երկրներին օգնելն է՝ միասին աշխատելու համապարփակ և ամուր խաղաղության հասնելու և, ի վերջո, կյանքեր փրկելու համար։ Չգիտեմ, թե ինչը կարելի է այստեղ ինքնագովազդ համարել»,- ավելացրել է նա։