Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները «նպատակային սադրելու» համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների «նպատակային սադրանքի» համար՝ «կովկասյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի շրջանակներում»։ Այս մասին հայտնում է  France 2  հեռուստաալիքը։

«Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին երկու տարիներին… իբր 5000 ռուս զինվոր է հսկում սահմանը, ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որի հետ երբևէ մոտ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է. «Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք եզակի կապ ունենք: Ադրբեջանը մի քանի գրոհներ է ձեռնարկել սահմանի երկայնքով։ Մենք դատապարտել ենք նրանց։ Մենք հայերին չենք թողնի»։

Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ Պրահայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ինչը, Մակրոնի մատնանշմամբ, առաջին անգամ էր նորագույն պատմության ընթացքում, երբ Հայաստանի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահին։

Հարցին, արդյոք ԵՄ-ն Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականության ինչ-որ դիրք ունի, քանի որ գազի մատակարարման համաձայնագիր է ստորագրել, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան գազ չի գնում Ադրբեջանից։

«Իհարկե, մի քանի եվրոպական երկրներ գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես ձեզ կասեմ Ֆրանսիայի և Եվրոպայի ձայնի մասին և ասում եմ, որ մեր արժեքներն ու սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով», – եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։