«Անխախտ եղբայրությունը» չեղարկվել է. Ղրղզստանը հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունից Interfax-ին հայտնել են, որ «Անխախտ եղբայրություն» խաղաղապահների զորավարժությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 10-14-ը Իսիկ Կուլի շրջանի «Էդելվեյս» զորավարժարանում, չեն կայանա։ Չեղարկման պատճառը, սակայն, չի նշվել:

Զորավարժություններին հրավիրվել էին դիտորդներ Ուզբեկստանից, Սերբիայից, Սիրիայից, Թուրքմենստանից և Մոնղոլիայից։ Նախատեսվում էր մշակել հրադադարի ռեժիմի ապահովումը:

Լրատվականը նշում է, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը չի մասնակցել հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին մասնակցում էին Միության մյուս երկրների ղեկավարները։ Ղրղզստանը դեռ չի հաստատել նաև իր պատվիրակության մասնակցությունը հոկտեմբերի 13-14-ը կայանալիք Աստանայի գագաթնաժողովներին: Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի VI գագաթնաժողովը (CICA), հոկտեմբերի 14-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, նույն օրը նաև՝ «Կենտրոնական Ասիա-Ռուսաստան» գագաթնաժողովը:

ՀԱՊԿ-ը չի մեկնաբանել զորավարժությունների չեղարկումը։