Իշխանասարում զոհված 19-ամյա Ռոբերտ Հայրապետյանը ֆուտբոլիստ էր

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ռոբերտ Արմենի Հայրապետյանը։

19-ամյա Ռոբերտը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին, ծառայում էր Գորիսում։

Ռոբերտը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մարտերի ժամանակ։ Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19-ամյա Ռոբերտինն էր։

Ռոբերտը սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում։ Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլով էր զբաղվում։ Խաղացել է «Գանձասար», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում։ Ռոբերտը ընտանիքի կրտսեր զավակն է, իրենից մեծ քույր ունի։

Ռոբերտին հուղարկավորել են սեպտեմբերի 23–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։