Ադրբեջանի խորհրդարանական իշխող ուժի ներկայացուցիչների կողմից եղել են հայկական պետությունը վերացնելու հրապարակային կոչեր․ Քրիստիննե Գրիգորյան

«ՄԻՊ առաջին զեկույցը հրապարակեցինք սեպտեմբերի 16-ին, որում արձանագրել ենք սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած իրադարձությունները, փաստերը»,-այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե  Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 16-ի զեկույցում կա փակ հատված, որտեղ ամրագրված են խոշտանգումների դաժան վերաբերմունքի փաստեր, իսկ հոկտեմբերի 5-ին հրապարակված երկրորդ զեկույցում ամբողջացվել են բոլոր փաստերը:

«Այն հրապարակային զեկույց է, որում արձանագրել ենք մարդու իրավունքների խախտումները և հատկապես կենտրոնացել ենք քաղաքացիական բնակչության թիրախավորման, կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման, երեխաների իրավունքների, հաշմանդամություն ունեցողների իրավունքների խախտումներին»,-նշեց Պաշտպանը՝ հավելելով, որ զեկույցում առանձին հատված է հատկացվել հայատյացության օրինակենրի վերլուծությանը, որոնք մեդիամոնիտորինգի և հավաքագրված այլ փաստերի համադրություն է:
Քրիստիննե  Գրիգորյանի խոսքով՝ զեկույցում ըստ համայքների փաստագրվել են քաղաքացիական անձանց մահերի, վիրավորումների թվերը,  ենթակառուցավածքներին հասցված վնասները:

Անդրադաառնալով մեդիա դաշտում արձանագրված միտումներին՝ ՀՀ ՄԻՊ-ը ասաց, որ 2020 թվականից հետո պատկերը չի փոխվել, արձանագրվել է նույն տեղեկատվական հարձակումները, սկսած խոշտանգումների ադրբեջանական տեսանյութերի մասսայականացումից մինչև հայատյացության հայտարարության տարածման մասշտաբայնացումը:

«Կան ադրբեջանական թվիթերյան հարձակման խմբեր և մենք ունենք նրանց տրված կոնկրետ ուղենիշների օրինակներ, թե ում էջերի վրա պետք է հարձակվեն, որ  թվիթերին, ինչպես պետք է արձագանքել և այլն: Սա ապացուցում է. որ հիբրիդային պատերազմը շատ ռեալ է»,- հայտնեց Քրիստիննե  Գրիգորյանը և հավելելով, որ սեպտեմբերի 13-ին՝ հենց հարձակման օրն ադրբեջանի խորհրդարանական իշխող ուժի ներկայացուցիչների կողմից եղել են հայկական պետությունը վերացնելու հրապարակային կոչեր, եղել են նաև էթնիկ ատելության և ֆաշիստական բովանդակության հայտարարություններ:

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները նաև պարզել են, որ հարձակման ենթարկված սահմանամերձ գյուղերի բնակիչների տների պատուհաններց նախորդող օրերին ադրբեջանական զինծառայողները գիշերը պարբերաբար ուժեղ լույս են գցում, որպեսզի հոգեբանորեն ազդեն և նրանց ստիպեն լքել գյուղերը: