Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության մասին

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության մասին

– Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում արդեն իսկ որոշակի ներկայություն ունեն ՀՀ-ում գտնվող ռուսական զորքերի ներկայացուցիչները

– Մյուս կողմից Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, դեռևս այդ դիմումը հետ չի կանչել, և, օրինակ, չի բացառվում, որ ՀԱՊԿ-ը ի վերջո որոշի սեփական դիտորդական առաքելությունն ուղարկել հայ-ադրբեջանական սահման

– Միաժամանակ Պրահայի բանակցությունների արդյունքում սահմանի հայկական կողմում պետք է տեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն, որը էսկալացիայի ժամանակ գործնականում ոչինչ չի կարողանալու անել այն հաղթահարելու համար՝ բացի քաղաքական կոչերից և գնահատականներից

Ի՞նչ է սա նշանակում

– Հաշվի առնելով Ռուսաստանի միաժամանակյա ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում, վերջինս հետագա սահմանային լարվածության միջադեպերի ժամանակ շարունակելու է չեզոք հայտարարություններ տարածել՝ միաժամանակ պահպանելով իրական լծակները՝ գործնականում նպաստելու ապաէսկալացիային։ Սա քարոզչական դաշտում օգտագործվելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները շարունակաբար խրախուսելու նպատակով։

– ԵՄ քաղաքացիական առաքելությունը, տեղակայված լինելով միայն հայկական կողմում, կարող է իրեն թույլ տալ ավելի անկաշկանդ քաղաքական հայտարարություններ անել՝ միաժամանակ հնարավորություն չունենալով գործնական ազդեցություն ունենալու սահմանային լարվածության թուլացման վրա։ Այն փաստը, որ առաքելությունը տեղակայվելու է միայն Հայաստանում, Ադրբեջանին հնարավորություն է տալու ցանկացած էսկալացիա մեկնաբանել որպես «ի պատասխան» հայկական կողմի որևէ գործողության, իսկ ԵՄ առաքելությունը հակառակն ապացուցելու գործնական հնարավորություն չի ունենալու։

– Կարող է շատ անհասկանալի և պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել, երբ, օրինակ, սահմանային այս կամ այն միջադեպի վերաբերյալ ԵՄ առաքելությունն ու ռուսական կողմի ներկայացուցիչները միմյանցից տարբերվող կամ միմյանց հակասող գնահատականներ կհնչեցնեն։ Սա կարող է ՀՀ տարածքում ՌԴ-Արևմուտք առճակատման առիթ դառնալ՝ դրանից բխող սպառնալիքներով։

– ՆԱՏՕ-ի անդամ երկրների, թեկուզ քաղաքացիական ներկայությունը ՀՀ ԶՈՒ առաջնագծում(այսինքն հայ-ադրբեջանական սահմանին), որը ամբողջությամբ կառուցված է ռուսական մոդելով, որտեղ սպառազինության մեծ մասը ռուսական արտադրության են, առկա են գաղտնիության հետ կապված բազմաթիվ տարրեր և այլն, բնականաբար չի կարող ոգևորությամբ ընդունվել ՌԴ կողմից։

– Այդ առաքելությունը կասկածների առիթ կդառնա նաև Իրանի համար։ Արդյունքում, տարածաշրջանում իրական ռազմական ներկայություն ունեցող Ռուսաստանն ու Իրանը, որոնք միակն են, որ թուրք-ադրբեջանական էքսպանսիան քիչ թե շատ զսպելու որոշակի ռազմա-քաղաքական հնարավորություններ ու շահագրգռվածություն ունեն, կարող են այսուհետ սեփական անվտանգային շահերից ելնելով՝ իրենց գործողությունները պլանավորել ի հեճուկս Հայաստանի, հաճախ նաև ՀՀ կենսական շահերի հաշվին։

Դերենիկ Խաչատրյան