Կառավարությունը մեզ ամեն օր խաբում ճանապարհում է․ Արմավիրի խաղողագործները բողոքի ակցիա են կազմակերպել

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց:

«Մեր խնդիրը կառավարության հետ է, որն ամեն օր մեզ խաբում ճանապարհում է. Անցած տարի մի կերպ համոզեցին, որ 130 դրամով գյուղացիները խաղողը մթերեն, այս տարի ավելի ցածր են առաջարկում, մինչդեռ ամեն բան թանկացել է, այդ թվում վառելիքը, պարարտանյութը»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մենք էկոնոմիկայի նախարարի հետ նստել-հաշվել ենք, խաղողի ինքնարժեքը կազմում է 120 դրամ:

Քերոբյանն ասել է՝ հաստատ այդ 120 դրամից բարձր է լինելու, որ ձեզ էլ եկամուտ մնա: Ուրբաթ օրը մարզպետը մեզ ասաց, որ 120 դրամ է որոշվել մթերման գինը, որին մենք բնականաբար համաձայն չէինք: Հետո մենք եկանք կառավարություն, մարզպետին էլ շնորհակալություն էինք ասել, քանի որ մինչ այդ 100 դրամ էին ասել:

Եկանք կառավարություն, պարոն Քերոբյանն ասում է՝ պատերազմ է, էս ա, էն ա: Այո, պատերազմ է, բա մենք ի՞նչ անենք, ծախենք, թողնենք, գնա՞նք, խաղողագործությամբ չզբաղվե՞նք»,-ասաց գյուղացին:

Լրագրողի հարցին, թե էժան մթերման գին առաջարկելու դեպքում ի՞նչ են անելու ֆերմերները, գյուղացիներից մեկը պատասխանեց․ «Եթե կառավարությունը մեզ էշի տեղ է դնելու, ասելու է՝ 120 դրամով են մթերելու կամ ավելի պակաս, և մենք այս տարի կմնանք առանց աշխատավարձի և այսպես, թե այնպես մենք սովի ենք մատնվում, այդ խաղողը կհավաքենք, ամեն մեկս մի մեքենա կբերենք կառավարության դիմաց կլցնենք, թող իրենք օգտվեն դրանից»։