ՌՀՄ-ն նախատեսում է օգնություն ուղարկել Հայաստան, Արա Աբրահամյանը հանդիպումներ է ունենում ՌԴ ղեկավարության հետ
Նախատեսվում է օգնություն ուղարկել Հայաստան՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի վերջին ագրեսիայից տուժածներին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն առաջին իսկ օրվանից հանդիպումներ է ունենում սրված իրավիճակի շուրջ եւ խոսում է օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին։ Նման խոսակցություն եղել է, երկու անգամ հանդիպումներ են եղել, Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերը միացել են սրան։ Վերջին հանդիպումը կիրակի է անցկացվել։ Քննարկվել են աջակցության ցուցաբերման ընդհանուր հարցեր, կոնկրետ ոլորտներ չեն շոշափվել։ Առայժմ կենդանի օգնություն չկա։ Յուրաքանչյուրն իր տարածաշրջանում քննարկում է, թե ինչպես եւ ինչով կարող է օգնել»,- ասաց ՌՀՄ փոխնախագահը։
Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մարդասիրական օգնություն է ցուցաբերվել, բեռներով, սննդով, հագուստով հարյուրավոր մեքենաներ են ուղարկվել Ռոստով։
«Երբեմն մեքենաները չէին բավարարում այդ ապրանքները տեղափոխելու համար։
Մենք հարցրել ենք Փաշինյանին, նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին, թե ո՞ւր է գնացել օգնությունը, այդ թվում՝ ֆինանսական, որ հավաքել էիք։ Բայց դեռ պատասխան չկա, ուստի որոշակի հարցեր ու կասկածներ ունենք։ Եթե մենք գումար ենք հավաքում, ուրեմն պետք է որոշենք, թե ում միջոցով է այն գնում։ Եթե եկեղեցով է գնում, ապա ի սեր աստծո, եթե Ռուսաստանի հայերի միության միջոցով, ապա ի սեր աստծո։ Կարեւոր է, որ օգնությունը լինի հասցեական։ Հակառակ դեպքում գողության օջախներ են ստեղծվում»,- ընդգծեց նա։
Գերման Անանյանցը հավելեց, որ հանդիպումների ընթացքում խոսվել է նաեւ ազգի միասնության, միմյանց օգնելու անհրաժեշտության մասին, հատկապես դժվար պահերին։
«Այսօր կշեռքի նժարին Հայաստանն է՝ նրա լինել-չլինելը։ Մեզ համար սա շատ ծանր ու շատ ցավոտ հարց է»,- ասաց նա։
ՌՀՄ փոխնախագահն ընդգծեց, որ Արա Աբրահամյանը հանդիպում է Ռուսաստանի ղեկավարության հետ եւ քննարկում այդ հարցերը։
Անանյանցը կոչ արեց խորամանկություն չանել Ռուսաստանի Դաշնության հետ։
«Պետք է մինչեւ վերջ բաց լինել, այլ ոչ թե խաղեր տալ մեկ մեկի, մեկ մյուսի հետ: Մենք կցանկանայինք, որ Հայաստանը գլխավորեր ավելի կոմպետենտ, ավելի գրագետ, ավելի հայրենասեր մարդ»,- եզրափակեց ՌՀՄ ներկայացուցիչը։