Եռաբլուրում ոստիկանության գործելաոճը դատապարտելի էր, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել. Մալաթիա-Սեբաստիայի ղեկավար

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Եռաբլուրում զոհված զինծառայողների հարազատների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին:

«Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»,-գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց կարմիրբերետավորները բիրտ ուժի կիրառմամբ, քարշ տալով հեռացրել են, որպեսզի չխոչընդոտվեր ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների և օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

Ոստիկանությունից փոխանցել են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման է ենթարկվել 37 քաղաքացի, որոնք, արձանագրություն կազմելուց հետո, ազատ են արձակվել։