Թշնամու սանձազերծած ագրեսիայից զոհվել է Դավիթ Ներսիսյանը

Արարատի մարզի Տափերական Համայնքի համայնքապետարանը տեղեկացրել է, որ թշնամու սանձազերծած ագրեսիայից զոհվել է ժամկետային զինծառայող Դավիթ Արմենի Ներսիսյանը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Տափերական համայնքի բնակիչ Դավիթ Արմենի Ներսիսյանը:

Տափերական համայնքն իր խորին ցավակցություններն է հայտնում Դավիթ Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ ու տոկունություն:

Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Տափերականի Մշակույթի Տանը»,- գրել է համայնքապետարանը։

Դավիթը զոհվել է Իշխանասարի մարտերում։ Բանակ էր զորակոչվել 8,5 ամիս առաջ…

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
 
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։

Մինչ այժմ պաշտպանության նախարարությունը զոհվածների անունները չի հրապարակել։