Մարդիկ կարող են կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված և անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և եկել ենք եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում: Նաև կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ ռազմական դրության էինք սպասում, որ մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ և այդ խնդիրը կլուծվի: Առավելևս մենք հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է: Կան բոլոր օրենսդրական հիմքերը, կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ»,-ասաց նա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ թե «Աշխարհազորի մասին» օրենքը, թե եռամսյա հավաքների կառավարության որոշումները և «Պաշտպանության մասին» օրենքը այդ հնարավորությունները տալիս են. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ուզում են այսօր կամավորության հիմունքներով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրռելիությունն ապահովելու համար, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել, տեղորոշել ըստ վայրերի»: