Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել գործողություններն ու հանդուրժողականություն դրսևորել. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Հնդկաստանի ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը կոչ արեց ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել գործողություններն ու հանդուրժողականություն դրսևորել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշեց, որ այդ գործողությունները լուրջ սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի խաղաղության և կայունության համար:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարող իրեն թույլ տալ լռություն պահպանել եւ թողնել , որ իրավիճակը գնալով ավելի վատթարանա: 2020թ նոյեմբերի 9-ին կրակի դադարեցումը ՌԴ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով արդյունավետ մեխանիզմ էր կարգավորելու համար մնացած հարցերը»,-ասաց նա` կոչ անելով կողմերին հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ խաղաղ կարգավորման գալու համար:

Հնդկաստանի ներկայացուցիչը նշեց նաև, որ պետք է նախ պարզել, թե ինչու է իրավիճակը սրվել Կովկասում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

«2020թ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դեռ թարմ է մեր հիշողություններում: Վերջին հաղորդագրությունները, հայ -ադրբեջանական սահմանի վերաբերյալ, մասնավորապես հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին, խորը մտահոգության առիթ են դարձել մեզ համար»,-հավելեց նա: