Ջերմուկի մուտքն այս պահին խիստ սահմանափակված է. փոխքաղաքապետ. «Արմենպրես»

Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:

Նրա խոսքով, քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն:

«Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,-ասել է նա:

Փոխքաղաքապետը նշել է նաև, որ այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են։ «Ակտիվ գործում է բուժհաստատությունը»,-նշել է նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: