Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջևան-Բաքու ավիահաղորդակցությունը, այսօրվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով, գրում է «Հետքը»:

Մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջևան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։

Հիշեցնենք, որ այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, իսկ մինչ այդ թշնամու քաղաքացիական օդանավերը չէին մտնում ՀՀ երկինք, ինչն իր պատճառներն ուներ։ 2014-ի նոյեմբերից ադրբեջանցիները խուսափում էին թռչել Հայաստանի երկնքով, որովհետև այդ տարվա նոյեմբերի 12-ին ակնհայտ ագրեսիա իրականացնելով՝ խոցել էին շփման գոտուց այս կողմ՝ Արցախի երկնքում ուսումնամարզական թռիչք կատարող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որը զինված չէր։ Դրանից հետո ադրբեջանցիները վախենում էին հայկական կողմի պատասխան գործողություններից և 7 տարի շարունակ Բաքվից Նախիջևան էին թռչում միայն Իրանի տարածքով։

Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ «AZAL»-ը վերսկսեց թռիչքները ՀՀ երկնքով, Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը հայտարարել էր, թե այդ երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը: Այսինքն՝ Հայաստանի երկնքով թռիչքները ձեռնտու տարբերակ էին ադրբեջանցիներին։

Նկատենք, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթ կատարելիս ադրբեջանական օդանավերը ՀՀ տարածքում անցնում են Վարդենիսի, Մարտունու, Վայոց Ձորի, երբեմն էլ՝ Արարատի մարզի երկնքով։ Մինչ այս պահը շարունակվող ռազմական գործողությունների ամենաթեժ ուղղություններից մեկը հենց Վարդենիսի տարածաշրջանն է։

Մինչև այսօր Հայաստանի երկնքով էր իրականացվում նաև Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Turkish Airlines»-ի Ստամբուլ-Նախիջևան-Գյանջա-Ստամբուլ չվերթի Նախիջևան-Գյանջա-Ստամբուլ հատվածը։ Սակայն այսօր արդեն թուրքական օդանավը Նախիջևանից Գյանջա մեկնելու համար մտել է Իրանի օդային տարածք, իսկ Գյանջայից Ստամբուլ մեկնելիս՝ Վրաստանի երկինք։