Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 12

Սկիզբը` այստեղ

Ընթերցողների մի մասի մոտ, հավանաբար, հարց կարող է առաջանալ, թե թեկուզ համապատասխան հղումներով փաստերի վրա խարսխված, արդյոք չափազանցված չէ՞ մեր այս մտահոգությունը, անհանգստությունը կամ, ինչու ոչ, տագնապը և զգուշացումը… Ոչ, կարծում ենք, ամենևին չափազանցված չէ, կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվողին և եզրակացնել ինքներդ…

Օգոստոսի 23-ին դեռ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար և վարչապետի թեկնածու Լիզ Թրասսը, Rbc.ru-ի փոխանցմամբ , հայտարարել է, որ պատրաստ է միջուկային զենք օգտագործել երկիրը պաշտպանելու համար: Բիրմինգհեմում Պահպանողական կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Թրասը նշել է, որ Բրիտանիային սպառնացող վտանգի դեպքում ինքը, որպես վարչապետ, պատրաստ կլինի միջուկային զենք կիրառել։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է միջուկային զենք օգտագործել, եթե Միացյալ Թագավորության համար վտանգ լինի, Թրասսն ասել է.

«Ես կարծում եմ, որ դա (միջուկային զենքի կիրառումը) վարչապետի կարևոր պարտականությունն է:- Ես պատրաստ եմ դա անել»:

«Bulletin»-ի գնահատմամբ, Մեծ Բրիտանիան ներկայումս 225 միջուկային մարտագլխիկ ունի, որոնցից 120-ը օպերատիվորեն պատրաստ են արձակման:

Ինչո՞ւ է վտանգավոր անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառելու պատրաստակամության վերաբերյալ այժմ արդեն Բիիտանիայի վարչապետ ընտրված Թրասսի այս դիրքորոշումը:

Եթե ՌԴ միջուկային դոկտրինի և «Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում» փաստաթղթի համաձայն, Ռուսաստանը միջուկային զենք կարող է կիրառել միայն իր կամ իր դաշնակից պետության նկատմամբ զանգվածային բնաջնջման զենքի կիրառման կամ սովորական սպառազինությամբ ագրեսիայի հետևանքով իր կամ իր դաշնակից պետության գոյությանը վտանգ սպառնալու դեպքում, ապա Թրասսը կամ Բրիտանիան պատրաստ են միջուկային զենք կիրառել երկրի համար ցանկացած վտանգի դեպքում, եթե նույնիսկ պետության գոյությանը վտանգ չի սպառնում: Այսինքն` եթե Բրիտանիայի նախաձեռնությամբ կամ սադրանքի հետևանքով սովորական սպառազինությամբ պատերազմ ծագի նրա և, օրինակ, Ռուսաստանի միջև, ապա Բրիտանիան պատերազմի հենց առաջին րոպեներից կարող է իրեն միջուկային զենք կիրառելու իրավունք վերապահել, անկախ նրանից` պետության գոյությունը վտանգվա՞ծ է, թե ոչ:

Հենց վերոնշյալը նկատի ունենալով է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Международная жизнь» ամսագրին տված հարցազրույցում Լիզ Թրասսին մեղադրել  միջուկային զենքի կիրառման նշաձողն իջեցնելու մեջ:

Ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ԱՄՆ-ում և Եվրամիությունում իշխող լիբերալ-գլոբալիստական ​​շրջանակները վերջին շրջանում իրենց թույլ են տալիս խոսել միջուկային զենքի կիրառման շեմի իջեցման մասին՝ անտեսելով, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել:

Առաջիկա տասը տարում աշխարհում կարող է օգտագործվել մարտավարական միջուկային զենք: Այս մասին «Times Radio»-ի եթերում օրերս  հայտարարել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Թոբիաս Էլվուդը։ Նրա կարծիքով, դա պայմանավորված է միջազգային ասպարեզում աճող լարվածությամբ։

«Մենք ապրում ենք չափազանց դժվար տասնամյակում,- ասել է նա:- Մեր աշխարհը կփոխվի: Ես կարծում եմ, որքան էլ դա սարսափելի հնչի, մենք կտեսնենք մարտավարական միջուկային զենքի կիրառում առաջիկա տասը տարում»:

ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ռուսաստանի կարմիր գծերի անտեսումը սպառնում է միջուկային պատերազմով: Այս մասին Թրասսի վերոնշյալ հայտարարությունից մեկ օր առաջ «Известия»-ին տված հարցազրույցում  ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Դիվանագետը ապակառուցողական է անվանել ՆԱՏՕ-ի երկրների ընտրած կուրսը և հայտարարել, որ նման պահվածքը սպառնում է, այդ թվում նաև` միջուկային պատերազմով։ Նույն հարցազրույցում Ռյաբկովը հիշեցրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքը, որ ժամանակակից մրրկային պայմաններում միջուկային ռիսկերը շատ էական են, և դրանք չի կարելի թերագնահատել։

«ՆԱՏՕ-ի երկրների ապակառուցողական կուրսը` անտեսելու մեր կարմիր գծերը և ներքաշվելու Ուկրաինայում Ռուսաստանի հետ դիմակայության մեջ, հավասարակշռվելով ուղղակի զինված հակամարտության եզրին, չափազանց ռիսկային է,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:- Ակնհայտ է, որ դա հղի է հետագա էսկալացիայով, ընդհուպ մինչև միջուկային տերությունների ռազմական բախում` դրանից բխող ծանրագույն հետևանքներով: Սա անհրաժեշտ է կանխել»։

«Դոկտրինալ մակարդակում ամերիկացիները իջեցրել են միջուկային զենքի կիրառման շեմը,- ասել է  ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը։- Այս և այլ անհանգստացնող պահերը կրկին ռազմական պլանավորողների տեսադաշտ են վերադարձնում միջուկային տերությունների բախման առավել վտանգավոր սցենարները` հղի աղետալի հետևանքներով»:

Դրոբինինը ԱՄՆ-ին մեղադրել է սպառազինությունների վերահսկման մեխանիզմները ոչնչացնելու մեջ։ Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, միջուկային պատերազմի վտանգը հասել է սառը պատերազմի տարիների մակարդակին։

ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևի կարծիքով, ուկրաինական իրադարձությունները, որտեղ ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները մտան Կիևի ռեժիմի ականջները` մատակարարելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ծանր և հարվածային, ակներևաբար ցույց են տալիս, որ հավաքական Արևմուտքի հետ բախումը միանգամայն իրական է։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան