Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 11

Սկիզբը` այստեղ

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Международная жизнь» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանին տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարվել, որը տարվում է բոլոր ոլորտներում։ Ռյաբկովը, «Daily Storm»-ի փոխանցմամբ , նշել է, որ չի կարելի թերագնահատել ընթացիկ ժամանակաշրջանի լրջությունը։

«Մեզ իսկապես տոտալ պատերազմ են հայտարարել,- ասել է Ռյաբկովը։- Այն վարվում է հիբրիդային ձևերով, բոլոր ոլորտներում։ Մեր հակառակորդների, մեր թշնամիների չարացածության աստիճանը հսկայական է, չափազանց մեծ»:

Հարկ է ուշադրություն դարձնել փոխարտգործնախարարի հայտարարության հատկապես այն մասին, որ Ռուսաստանի դեմ տոտալ հիբրիդային պատերազմը վարվում է բոլոր ոլորտներում, ինչը նշանակում է նաև ռազմական: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ պետություններ Ուկրաինային բացի միլիարդավոր դոլարների հարվածային զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա, արբանյակային և այլաբնույթ հետախուզական տեղեկություններ տրամադրելուց, Ռուսաստանի դեմ պատերազմելու համար այնտեղ են ուղարկել նաև իրենց բանակների ռազմական մասնագետներին (խոսքը կամավորների ու վարձկանների մասին չէ), որոնք ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, հակամարտկոցային, հականավային և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, ԱԹՍ-ներով ՌԴ-ի դեմ միանգամայն իրական պատերազմի մասնակիցներ են: Վաշինգտոնն անմիջական մասնակցություն ունի ուկրաինական հակամարտությանը:

Օգոստոսի 24-ին ՇՀԿ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, «РИА Новости»-ի տեղեկացմամբ ,  հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում փորձում է հասնել Ռուսաստանի ռազմավարական հյուծմանը։

«ԱՄՆ-ի և նրա հանցակիցների հայտարարված նպատակը Ռուսաստանի ռազմավարական հյուծումն է՝ մրցակցությունը վերացնելու և անկախ արտաքին քաղաքականություն վարող այլ պետություններին նախազգուշացնելու համար»,- ասել է Շոյգուն և հավելել, որ Ուկրաինան ընտրվել է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք:

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը ձգտում է Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնել Ուկրաինայի շուրջ ներկայիս իրավիճակում։ Այո, ԱՄՆ-ի և նրա հանցակիցների նպատակը Ռուսաստանի ռազմավարական հյուծումն է և պարտությունը, բայց ոչ միայն մրցակցությունը վերացնելու և անկախ արտաքին քաղաքականություն վարող այլ պետություններին նախազգուշացնելու, այլև Պուտինին ու նրա վարչակազմը տապալելու համար:

Օգոստոսի 19-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Արևմուտքն այժմ հավասարակշռություն է պահպանում հիբրիդային պատերազմի և Մոսկվայի հետ բաց հակամարտության միջև, այսինքն` իր գործողությունները ծավալում է այդ երկուսի միջև գտնվող լարի վրա:

«Վաշինգտոնը և Կիևը հույս են դրել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի պատերազմի էսկալացիայի նոր կետ ստեղծելու վրա»,- «Lenta.Ru»-ի տեղեկացմամբ , ասել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ​​ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը` նախազգուշացնելով թերակղզու դեմ Ուկրաինայի ռազմական սադրանքների սաստկացումը լեգալացնելու ԱՄՆ պլանների մասին։

Մուրադովի կարծիքով, հենց դրա համար է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն «իրենց խնամարկյալներին նատոյական մտրակով ակտիվորեն քշում դեպի, այսպես կոչված, Ղրիմի ապաօկուպացման միջազգային հարթակի նիստին»։

«Արևմտյան ռազմավարներն ակնկալում են, որ իրենց այս պլանն անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտության այնպիսի սրման, որ անհնար կլինի պահել ռուսական հատուկ գործողության նախկին սահմանափակ ձևաչափում»,- եզրափակել է Մուրադովը։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն օրերս, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կիևին ռազմական աջակցությանն ԱՄՆ-ի ներգրավվածության աստիճանը շարունակում է աճել, ամենաբարակ գիծն է բաժանում է ԱՄՆ-ին Ուկրաինայում հակամարտության կողմ դառնալուց:

«Ցավոք, մենք ստիպված ենք տագնապով նշել, որ ամերիկյան կողմի ներգրավվածության աստիճանն այս իրավիճակում, և Վաշինգտոնի ընկղմվածության աստիճանը, ներառյալ` Կիևի ռեժիմի սպառազինությանը նյութական աջակցությունը, շարունակում են աճել,- ասել է Ռյաբկովը:- Այս միտումը վտանգավոր է, մենք քանիցս զգուշացրել ենք Միացյալ Նահանգներին այն հետևանքների մասին, որոնք կարող են սկսվել…»:

Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, Միացյալ Նահանգները Կիևին իր ուղղակի աջակցությամբ, ըստ էության, իրեն դնում է մի իրավիճակում` մոտ նրան, որը կարելի է անվանել հակամարտության կողմ‰,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա 24‰ հեռուստաալիքի եթերում։

Ամենաբարակ գիծը, որն ԱՄՆ-ին բաժանում է հակամարտության կողմի վերածվելուց, չպետք է ծառայի անսանձ հակառուսականությամբ տրամադրված ուժերի համար ինչ-որ պատրանքների, որ հատելով այն, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա։

Ռյաբկովը զգուշացրել է ԱՄՆ-ին սադրիչ քայլերից, այդ թվում՝ գնալով ավելի հեռահար և կործանարար համակարգերի մատակարարումից։

«Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը:- Կատարվողի հետևանքները ծանր են լինելու, դրա պատասխանատվությունն ամբողջովին ընկնելու է Վաշինգտոնի իշխող շրջանակների վրա»:

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան