Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 10

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է Ուկրաինայի հակամարտությանն ԱՄՆ-ի անմիջական մասնակցության մասին: Սա ուղղակի մարտահրավեր է Ռուսաստանին ու նրա նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նկատի ունենալով ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքին ընդհանրապես, ավելի վաղ ասել էր, որ եթե որևէ պետություն իր քիթը խոթի Ռուսաստան- Ուկրաինա հակամարտության մեջ, փորձի միջամտել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությանը, ապա այնպիսի դաս կստանա, որի նմանը պատմության ընթացքում երբեք չի տեսել:

ՌԴ ՊՆ-ն արձագանքել է «The Telegraph»-ին օգոստոսի 1-ին տված հարցազրույցում Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ, գեներալ Վադիմ Սկիբիցկու պաշտոնական հայտարարությանը` Կիևի ընտրած յուրաքանչյուր թիրախի` Վաշինգտոնի կողմից անմիջական հաստատման մասին, նախքան ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով դրանց հարվածներ հասցնելը։ Դա վկայում է ուկրաինական հակամարտությանը Վաշինգտոնի անմիջական մասնակցության մասին, օգոստոսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ- լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«The Telegraph»-ին տված հարցազրույցում Սկիբիցկին ասել է, որ «հրթիռների արձակումից առաջ խորհրդակցություններ են անցկացվում երկու երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների միջև», ինչը, նրա խոսքով, թույլ է տալիս Վաշինգտոնին դադարեցնել ցանկացած նախատեսվող հարձակում, եթե դժգոհ են թիրախի ընտրությունից։

Նա չի հստակեցրել` Ուկրաինայի ԶՈւ-ն խնդիրները դնում է բրիտանակա՞ն, թե՞ ամերիկյան արբանյակների առջև, սակայն նշել է, որ զինվորականներն ունեն արբանյակային լավ լուսանկարներ:

«Մենք շատ լավ համագործակցություն ունենք Մեծ Բրիտանիայում այս ոլորտում մեր գործընկերների հետ,- ընդգծել է Սկիբիցկին։- Մենք շատ լավ կապեր ունենք բոլոր մտերիմ հատուկ ծառայությունների հետ»։

Սիբիցկու խոսքով՝ HIMARS-ով հարվածներ հասցնելու համար Ուկրաինայի Զինված ուժերն օգտագործում են իրական ժամանակում ստացած տվյալները։

«Այս ամենն անհերքելիորեն ապացուցում է, որ Վաշինգտոնը, ի հակառակ Սպիտակ տան և Պենտագոնի հայտարարություններին, ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայում հակամարտության մեջ»,- ընդգծել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով` հենց Սպիտակ տունն է պատասխանատու Կիևի կողմից Դոնբասի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կատարված բոլոր հրթիռային հարձակումների համար, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել։

Ըստ Կոնաշենկովի, Ուկրաինայում և աշխարհում այլևս ոչ մեկի մոտ չպետք է լինի որևէ կասկած, որ HIMARS-ի հրթիռներով հարվածները Նովայա Կախովկային՝ հուլիսի 12-ին, Ստախանովին՝ հուլիսի 17-ին, Կրասնի Լուչին՝ հուլիսի 24-ին, տասնյակ հրթիռային հարվածները Դոնեցկին և, անշուշտ, հուլիսի 29-ին հարվածը Ելենովկայում քննչական մեկուսարանին` սպանած 50 և խեղած 73 ուկրաինացի ռազմագերիների, ծրագրվել է Զելենսկու վարչակարգի կողմից և հաստատվել Վաշինգտոնի կողմից:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար քաղաքական, բարոյական և քրեական պատասխանատվությունը Կիևի վարչակարգի հետ միասին կրում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։

Այսօր Ռուսաստանում օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցում խնդրին անդրադարձել է նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: Նա ասել է , որ երբ ուկրաինացի զինվորականները հարվածներ են ծրագրում, ակտիվորեն օգտագործում են տիեզերական և օդային հետախուզության տվյալները, որոնք ստացվել են ԱՄՆ զինված ուժերից և նրա դաշնակիցներից, իսկ Վաշինգտոնի ներկայացուցիչները պատրաստում են առաջադրանքներ կրակելու համար։

ՌԴ արտգործնախարարությունը նույնպես հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին ԱՄՆ-ի անմիջական մասնակցության մասին: ԱՄՆ-ն անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայում ռազմական գործողություններին՝ զենքի և հետախուզական տեղեկատվության մատակարարման միջոցով, ինչն օգտագործվում է հարվածներ հասցնելու համար: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Զենքի մատակարարումն ուղեկցվում է ոչ միայն դրա կիրառման հրահանգով, այլև այս դեպքում նրանք (ԱՄՆ-ի զինծառայողները.- Ա. Հ.) կատարում են նշանառողի գործառույթ մաքուր տեսքով»,- TASS-ի տեղեկացմամբ, նշել է դիվանագետը:

Հիշենք, որ դեռ մարտի սկզբներին Դոնբասի հանրապետությունների և Ղրիմի վերաբերյալ հետախուզական տվյալներով ու ՆԱՏՕ-ի մակնշմամբ նոութբուք էր հայտնաբերվել հակամարտության գոտում, ՌԴ-ի կողմից այժմ արդեն ահաբեկչական ճանաչված և արգելված «Правого сектор» կազմակերպության կենտրոնակայանում: Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, տեղեկացրել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը: Նա ցույց է տվել Ղրիմի քարտեզը, որի վրա նշված են ռուսական զորքերի դիրքերը։ Հայտնաբերվածն ուղղակի վկայությունն է նրա, որ այնտեղ է եղել ու տվյալ նոութբուքն օգտագործել հենց ՆԱՏՕ-ի զինծառայողը:

Սպիտակ տունը խոստացել է շարունակել մատակարարումները Ուկրաինա՝ չնայած Մոսկվայի սպառնալիքներին, ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել: Այս մասին CBS -ին մարտի առաջին կեսին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունը, որ Ուկրաինայի համար արևմտյան զենքերով ավտոշարասյունները կարող են թիրախ դառնալ ռուսական բանակի համար, Սալիվանն ասել է.

«Մենք հավատում ենք Ուկրաինայի ռազմաճակատ նշանակալի ծավալի ռազմական օգնության, զենքի և նյութերի մատակարարումները շարունակելու մեր կարողությանը,- ասել է նա:- Մինչ այժմ դա մեզ հաջողվել է, և մենք կարծում ենք, որ ունենք համակարգ, որը մեզ թույլ է տալիս շարունակել անել դա՝ չնայած ռուսական սպառնալիքներին»:

Նույն ամսին, դրանից քիչ առաջ ԱՄՆ-ը, TASS-ի տեղեկացմամբ, հայտարարել է Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնելու ձգտման մասին: ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնել Ուկրաինայի շուրջ ներկայիս իրավիճակում։

Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն փոխադարձ պատերազմի մեջ է մտնում Ռուսաստանի հետ՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հունիսի 9-ին հայտարարել է, որ Կիևին ծանր զինտեխնիկա մատակարարելը ուղղակի ճանապարհ է հակամարտության սրման համար։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան