Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը, իհարկե, ողջունելի է և արժանի է գովասանքի․ Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ին և Ֆրանսիային մեղադրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մեջ։

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի հրավերը այցելելու Շուշի և դրանով առաջացրել Բաքվի անտարակույս զայրույթը։

Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը, իհարկե, ողջունելի է և արժանի է գովասանքի։

Այն արցախահայության համար նշանակում է ինքնորոշման իրավունքի համար պայքարում աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։

Պատերազմում ունեցած հաղթանակով ոգևորված մեր հարևանների նման պահվածքն էլ մի կողմից զավեշտալի է, մյուս կողմից ինչ որ չափով հասկանալի(մենք նույնպես 1994 -ի հաղթանակից հետո պնդում էինք, որ մեր հարցը լուծված է)։

Հ.Գ. Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն ունի և այն պիտի լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում՝ հիմքում ունենալով միջազգային իրավունք ու միջազգային փաստաթղթերը։
Մնացածը պաթոս է, հեքիաթ և իրավիճակի խեղաթյուրում՝ առանց տարբերության, թե որ կողմից և ինչ նպատակներով է դա արվում»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի նախագահի օգնականը դժգոհություն է հայտնել, թե չԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, չնայած բազմաթիվ հրավերներին, ցուցադրականորեն հրաժարվում են այցելել Շուշի։