«Սպուտնիկ-Ադրբեջանի» խմբագիրները հրաժարական են տվել ՌԴ ՊՆ հաղորդագրության պատճառո՞վ

«Սպուտնիկ-Ադրբեջան» կայքի ռուսալեզու տարբերակի խմբագիրներ Զուլֆիա Գուրբանովան, Ջամիլյա Էֆանդիևան, Ելենա Ստարոստինան և Գուլզար Մուստաֆաևան երեկ հրաժարականի դիմում են ներկայացրել։ Խմբագիրները իբրև թե որոշել են հեռանալ ՌԴ ՊՆ հաղորդագրության պատճառով։

Նրանք հայտարարել են, որ հրաժարվել են տրամադրել ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկությունը, որը պնդում էր, թե Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Արցախում։

Սոցցանցերի իրենց էջերում նրանք որոշումը պատճառաբանել են, թե որպես Ադրբեջանի քաղաքացիներ Sputnik-ում հնարավորինս պաշտպանում են Ադրբեջանի շահերը, իսկ եթե դա չեի հաջողվում, ստիպված են հրաժարական տալ։

Մինչդեռ ադրբեջանական թելեգրամ ալիքներից մեկը գրել է․ «Մենք մի փոքր այլ տեղեկություններ ունենք 4 խմբագիրների հեռանալու պատճառների մասին, և, մեր տեղեկություններով, դա ամենևին էլ կապված չէ հայրենասիրության հետ։ Մեր տեղեկություններով, խմբագիրներից մեկը երկար ժամանակ ձգտում էր գլխավոր խմբագրի պաշտոնին, սակայն մերժում է ստացել։ Պատճառները չենք փորձել պարզել, սա Sputnik- Ադրբեջանի խմբագրության ներքին խոհանոցն է։ Սակայն մեր աղբյուրը նշում է, որ հենց այս մերժումն է եղել խմբագրի հեռանալու պատճառը, որն էլ իր հետ  տարել է մի քանի գործընկերների»։

«Խմբագիրներն այնքան բանով են անցել այստեղ և հեռանալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության լուրերի պատճառով, որոնք տվել են բոլոր ադրբեջանական կայքերը… այդ դեպքում Բաքվում ընդհանրապես բոլորը պետք է թողնեին աշխատանքը», – ընդգծել է զրուցակիցներից մեկը։