Մինչ Վոլոդինն ԱՄՆ պատասխանատվությունն է պահանջում, սկսվել է մարդկության դեմ կենսաբանական պատերազմի նոր փուլը

Կորոնավիրուսի մուտացված շտամով ու նախորդից հավանաբար ավելի դաժան

 

Այլ պետություններին, նրանց թվում վերջերս` Ռուսաստանին, ահաբեկչությունը հովանավորող պետությունների իր ցուցակում գրանցող Միացյալ Նահանգները հենց ինքն է զբաղվում ահաբեկչությամբ, ավելի որոշակի` կենսաբանական ահաբեկչությամբ:

Անցած կիրակի ЦТАК գործակալությունը ԱՄՆ-ին մեղադրել է կենսաբանական ահաբեկչության մեջ: Վկայակոչելով ռուսական կողմի տվյալները, գործակալությունը նշել է, որ Ուկրաինայում ստեղծված տասնյակ լաբորատորիաներում իրականացվել է հեմոռագիկ տենդի վիրուսի զարգացման ծրագիր։ Ինչպես Տոկիոյից հուլիսի 25-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը, ԿԺԴՀ-ի պետական ​​ ЦТАК լրատվական գործակալությունը մեղադրել է ԱՄՆ-ին կենսալաբորատորիաների ցանց ստեղծելու մեջ, այդ թվում՝ Ուկրաինայում՝ մարդկության անվտանգությանը սպառնացող «կենսաքիմիական զենքեր» մշակելու համար։ Կիրակի օրը գործակալության կայքում հրապարակված հոդվածում ԱՄՆ-ն «կենսաբանական ահաբեկիչ» է անվանվել։

«Այսօր ԱՄՆ-ն, անտեսելով միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, բազմաթիվ կենսալաբորատորիաներ է տեղադրել աշխարհի տասնյակ երկրներում և տարածաշրջաններում, այդ թվում՝ Ուկրաինայում, և ակտիվորեն արագացնում է կենսաքիմիական զենքի մշակումը` սպառնացող մարդկության կյանքին ու անվտանգությանը»,- նշված է հրապարակման մեջ:

Ինչպես գրել է գործակալությունը, «կենսալաբորատորիաների բաշխման քարտեզը համապատասխանում է աշխարհում հիվանդությունների և վիրուսների բռնկման քարտեզին»: Վկայակոչելով ռուսական կողմի տվյալները, ЦТАК-ը նշել է, որ Ուկրաինայում ստեղծված տասնյակ լաբորատորիաներում իրականացվել է հեմոռագիկ տենդի վիրուսի զարգացման ծրագիր, ինչպես նաև գյուղատնտեսական արդյունաբերությանը վնասող վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ծրագիր։ Բացի այդ, գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ը «շատ վտանգավոր ուսումնասիրություն է անցկացրել, որը կարելի է համարել որոշակի ռասա կամ ազգ ամբողջությամբ ոչնչացնելու համար կենսաբանական ագենտների մշակում»:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիևի կողմից Ուկրաինայում իրականացվող և ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող ռազմակենսաբանական ծրագրի հետքերի արտակարգ մաքրման բացահայտված փաստերի մասին: Նրա խոսքով՝ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկություն է ստացվել փետրվարի 24-ին հատկապես վտանգավոր հարուցիչների՝ ժանտախտի, սիբիրախտի, տուլարեմիայի, խոլերայի և մահացու այլ հիվանդությունների հարուցիչների արտակարգ ոչնչացման մասին։

Պենտագոնը հունիսի 9-ին խոստովանել էր, որ Միացյալ Նահանգները վերջին 20 տարիների ընթացքում աջակցել է Ուկրաինայում 46 տարբեր քաղաքացիական լաբորատորիաներին, առողջապահական հաստատություններին և հիվանդությունների ախտորոշման կենտրոններին, սակայն ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության, Ուկրաինայում միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի ստեղծման ծրագրեր չկան, և Ուկրաինայի հետ ամբողջ համագործակցությունն իրենից ներկայացնում է «խաղաղ ջանքեր` բարելավելու միջուկային և ճառագայթային անվտանգությունը, համաճարակային հսկողությունը, քիմիական անվտանգությունը և համաճարակներին ու համավարակներին արձագանքելու պատրաստականությունը»:

Սակայն, ինչպես «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Վաշինգտոնը, հակառակ փաստերին, շարունակում է հայտարարել Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական հետազոտությունների խաղաղ բնույթի մասին, մինչդեռ ռազմական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերված ապացույցները հակառակն են ապացուցում։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հուլիսի 6-ին տեղեկացրեց, որ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմակենսաբանական զարգացումները, որոնք նրանք իրականացնում են ամբողջ աշխարհում։ Վոլոդինն այսպիսով մեկնաբանել է «Lancet» բժշկական միջազգային ամսագրի կորոնավիրուսի վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Ջեֆրի Սաքսի հայտարարությունն այն մասին, որ COVID-19-ը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է ամերիկյան կենսաբանական լաբորատորիայում:

«Միլիոնավոր հիվանդ և մահացած մարդիկ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մարդկանց կենսամակարդակի անկումը COVID-19-ի հետևանքներն են, որոնց համար Վաշինգտոնը պետք է պարտադիր պատասխանատվության ենթարկվի. ԱՄՆ ռազմակենսաբանական մշակումները, որոնք նրանք իրականացնում են ամբողջ աշխարհում, պետք է կանգնեցնել և գաղտնազերծել»,- գրել է Վոլոդինը Telegram ալիքում։

ՌԴ Պետդումայի նախագահը հավելել է նաև, որ ԱՄՆ-ը պարտավոր է փոխհատուցել համավարակի հետևանքով տուժած բոլոր պետությունների կորուստները։

«Այսօր, երբ նման մեղադրանքներ են հնչում, Բայդենը լռում է,- ընդգծել է Վոլոդինը։- Նա վախենում է, որ աշխարհը կպարզի համավարակի իրական մեղավորի մասին ճշմարտությունը»:

Ցավոք, մինչ Վոլոդինն ԱՄՆ ռազմակենսաբանական մշակումների դադարեցումը և գաղտնազերծումն է պահանջում, ինչպես նաև Միացյալ Նահանգների պատասխանատվությունն ու փոխհատուցումը տուժած երկրներին, նոր կորոնավիրուսի ստեղծման ետևում կանգնած ուժերը վիրուսի այլափոխված, մուտացված շտամով սկսել են մարդկության դեմ կենսաբանական պատերազմի նոր փուլը, որը նախորդից հավանաբար ավելի դաժան կլինի:

Հիվանդության բռնկումը, որը հետագայում հայտնի դարձավ որպես COVID-19, սկսվեց Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերին։ 2020 թ. մարտի սկզբին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսային հիվանդության համավարակ, այսինքն արդեն` համաշխարհային տարածում ունեցող: Պաշտոնական տվյալների համաձայն, 2 տարվա ընթացքում գրեթե 550 միլիոն մարդ վարակվել է COVID-19-ով, որոնցից ավելի քան 6 միլիոնին չի հաջողվել փրկել։

Անցած ամբողջ ժամանակաընթացքում վեճեր են ընթանում հիվանդության հարուցչի՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման վերաբերյալ։ Անցյալ տարվա մարտին ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը եզրակացրեց, որ լաբորատորիայից վիրուսի պատահական արտահոսքը «շատ քիչ հավանական» է:

 

Արթուր Հովհաննիսյան