Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 7

Սկիզբը` այստեղ

Թեև Ռուսաստանը Ուկրաինայի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դեռ չազատագրած տարածքներում պարբերաբար ոչնչացնում է Ուկրաինային ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների տրամադրած զենքերն ու ռազմական տեխնիկան, այնուհանդերձ, հակառակորդը դրանց մի մասով, մինչ ոչնչացումը, ինչպես նաև չոչնչացվածով ու գործադրվողով մահ և ավեր սփռել ու սփռում թե Ուկրաինայում ու Դոնբասի հանրապետություններում, թե Ուկրաինային սահմանամերձ ՌԴ տարածքներում: Խոսքը, հատկապես, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային վերջերս տրամադրված HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ), հարվածային ԱԹՍ-ների և M-777 հաուբիցների մասին է:

M777-ի կրակային հեռահարությունը սովորական արկով մոտ 25 կմ է, հատուկով՝ մինչև 40 կմ։ Նման սպառազինություն և մարտական համալրումներ Ուկրաինա մատակարարելու մասին հայտարարել են նաև Կանադայի և Ավստրալիայի ռազմական գերատեսչությունները։

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նախկինում նոտա է հղել Կիևին զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։

«Известия-ի տեղեկացմամբ , հուլիսի 16-ին «Defense News»-ը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 100 մլն դոլարի հատկացմանը` F-15 և F-16 կործանիչներ վարելու համար ուկրաինացի օդաչուների ուսուցման նպատակով։ Վարժանքները տեղի կունենան Միսիսիպիում և, հնարավոր է, նաև Տեխասում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաներում: Ուսուցման ժամկետը կկազմի 3 ամիս։ Դժվար չէ այս տեղեկատվությունից եզրակացնելը, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումից հետո ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրելու է նաև F-15 և F-16 կործանիչներ, ինչն Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը քանիցս խնդրել է ԱՄՆ-ից:

Ուկրաինա ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից ռազմական տեխնիկայի, զենք- զինամթերքի շարունակական մատակարարումները կարող են Ռուսաստանին մի օր հարկադրել Ուկրաինայի տարածքում ոչնչացնել այնտեղ ռազմական տեխնիկա, զենք-զինամթերք տեղափոխող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տրանսպորտը, ինչի մասին Մոսկվան վաղուց է հայտարարել, զգուշացրել:

Թերևս ավելորդ է ասել, որ վերոնշյալ գործողությունը ՆԱՏՕ-ի կողմից կարող է գնահատվել իբրև հարձակում իր անդամ այն պետության կամ պետությունների վրա, որոնց տրանսպորտը ոչնչացվել է, իսկ տվյալ գնահատմանը կարող է հաջորդել ռազմական ուղղակի բախումը ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև:

Դժվար է վստահաբար ասել, թե վերոնշյալի առումով երբ կարող է հատել Ռուսաստանի ռազմավարական համբերությունը, ինչի մասին ԱՄՆ-ին, Արևմուտքին ավելի վաղ զգուշացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ համբերությունը հատելու պատճառ կարող է լինել, օրինակ, ամերիկյան զենքով Ղրիմին նշանակալի հարվածը:

Ուկրաինայի կողմից Ղրիմում ռուսական օբյեկտների դեմ ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ների օգտագործման մասին, Strana.ua-ի փոխանցմամբ, օրերս հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին: Ինչպես տեղեկացրել է РБК -ն` հղում կատարելով Strana.ua-ին, Սկիբիցկին ասել է, որ թերակղզին դարձել է դեպի Ուկրաինայի հարավ «ամբողջ ռուսական տեխնիկայի, զինամթերքի և զենքի տեղաշարժի ասպարեզ», իսկ Սևծովյան նավատորմի ջրային տարածքներից հրթիռների արձակումներ են իրականացվում դեպի ուկրաինական տարածք։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Ղրիմին հարվածելն անվանել է Կիևի նպատակներից մեկը, որը պետք է իրականացնել՝ «երկրի անվտանգությունն ապահովելու համար»։

Ավելի վաղ, դեռ հունիսի 15-ին Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն, «Известия»-ի տեղեկացմամբ , հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների համար թիվ մեկ թիրախը հանդիսանում է Ղրիմի կամուրջը։ Նման ընտրությունը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ այս օբյեկտը «նոր ուժեր մոտ բերելու միջոց է»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն, իր հերթին, հուլիսի 16-ին հայտարարել է, որ Կիևը կարող է հարձակվել Ղրիմի կամրջի վրա «հենց որ առաջին տեխնիկական հնարավորությունը հայտնվի»։

Հուլիսի կեսերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը BBC-ին տված հարցազրույցում վստահեցրել էր, որ Կիևն Արևմուտքի կողմից իրեն փոխանցված ճշգրիտ կառավարվող զենքերը չի օգտագործի Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար: Պենտագոնի ղեկավարին ուղղված նամակում նա խոստացել էր HIMARS ՀԿՌՀ-ներն օգտագործել միայն թշնամուն «զսպելու» և Ուկրաինայի տարածքն «ապաօկուպացնելու» համար։

Ուկրաինայի նախագահի գրասենյակից նույնպես վստահեցրել էին, որ չեն նախատեսում օգտագործել այդ զինատեսակները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար, մինչդեռ հիմա նախատեսում են դրանցով հարվածել Ղրիմին, որը չեն համարում ՌԴ տարածք: Ահա թե ինչ խորամանկ քայլի է դիմել Ուկրաինան ԱՄՆ-ի հետ միասին:

Ղրիմի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն ինքնասպանություն է անվանել Ղրիմի կամրջին հարվածելու Կիևի սպառնալիքը։ Նա նշել է, որ կամուրջը պահպանվում է ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով և գտնվում է հուսալի պաշտպանության ներքո, նաև զգուշացրել է, որ եթե Կիևն իսկապես հարձակվի կամրջի վրա, ապա իրեն սպասվում է «հատուցում»։

Ղրիմին հարվածելու մասին Կիևի սպառնալիքներից հետո ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասն ասել է` Ղրիմի կամ Ղրիմի կամրջի վրա հարձակվելու Կիևի սպառնալիքները հաստատում են, որ ամբողջ Ուկրաինայում պետք է իրականացվի ապառազմականացում և ապաազգայնականացում։ Կարճ ասած` պետք է հասնել Կիև, ինչպես ժամանակին` Բեռլին: Կլիշասը նշել է, որ հակառակ դեպքում Ռուսաստանին, երկրի ենթակառուցվածքներին ու ՌԴ քաղաքացիներին սպառնացող վտանգը կպահպանվի։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է , որ եթե ամերիկյան ՀԿՌՀ-ն կիրառվի ռուսական տարածքների դեմ, Մոսկվան հարվածելու է որոշումների կայացման կենտրոններին, որոնք «գտնվում են նույնիսկ ոչ Կիևի տարածքում»…

Մեդվեդևը Ղրիմի վրա հարձակման դեպքում Ուկրաինայի ղեկավարությանը խոստացել է «Դատաստանի օր», Ուկրաինայի իշխանություններին զգուշացրել «Դատաստանի օրվա» մասին: «Ведомости»-ի պարբերականի տեղեկացմամբ , Վոլգոգրադում վետերանների հետ հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է.

«Այն դեպքում, եթե ինչ-որ նման բան տեղի ունենա, բոլորի համար այնտեղ Դատաստանի օրը կգա նույն րոպեին՝ շատ արագ և ծանր: Թաքնվելը կլինի շատ դժվար։ Բայց, այնուամենայնիվ, նրանք շարունակում են նման հայտարարություններով հրահրել ընդհանուր իրավիճակը»:

 

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան