Մեր դիրքորոշում այն է, որ ցանկալի փոփոխություն չէ․ Զարեհ Սինանյան

«Ընդհանուր առմամբ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով դրական փոփոխություն չէ, հետևաբար մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով ԱԱԾ-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հարցին, որով խստացվում է սփյուռքի հայերին ՀՀ քաղաքացիություն տալու կարգը:

Ըստ Սինանյանի՝ փոփոխությունն որևէ կերպ չի ազդի սփյուռքահայերի հայրենադարձության գործընթացի վրա, քանի որ եթե հայերը 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր չեն եղել Հայաստանում, կարող են գալ երկիր և այդքան օր մնալուց հետո դիմել քաղաքացիություն ստանալու համար։

Զարեհ Սինանյանը խորհուրդ տվեց օրինագծի անհրաժեշտության մասին հարցն ուղղել ԱԱԾ-ին:

«Մեր դիրքորոշում այն է, որ ցանկալի փոփոխություն չէ, իսկ թե ինչով է պայմանավորված, ես կարող եմ կռահել, բայց չեմ ուզում կռահել, որովհետև համոզված եմ՝ իրենք (ԱԱԾ- Խմբ․)՝ այդ հիմնավորումներն ունեն և հենց իրենք պետք է արտահայտեն դրանք»,- ասաց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար լրագրողներին հորդորեց ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքի արգելման պատճառները ևս ԱԱԾ-ից պարզել, քանի որ ինքը տեղյակ չէ հիմնավորումից, բայց միանշանակ բացառեց, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով է այն արվել: