ԱԱԾ-ը իրավասու մարմիններին փոխանցել է 1322 նյութ

2022 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության մարմիններում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն իրավասու այլ մարմիններին փոխանցելու վերաբերյալ ԱԱԾ մամուլի կենտրոնը ներկայացրել է ամփոփագիր.

«Հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1322 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա հարուցվել են 227 քրեական գործեր։

Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 138 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 69-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 47-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 18-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 4-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 36 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 19-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 17-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։

Նշված ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 486 քրեական գործեր, որից Դեպարտամենտի քննիչների կողմից հարուցվել է 238 քրեական գործ, 145 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 29 քրեական գործի վարույթ, 5-ը հարուցվել են տվյալ տարածքը սպասարկող դատախազի կողմից, 1-ը վերադարձվել է լրացուցիչ քննության, իսկ թվով 68 քրեական գործ փոխանցվել է 2021 թվականից:

Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 41 քրեական գործ 65 անձանց նկատմամբ, կարճվել է՝ 99-ը, կասեցվել է 54 քրեական գործերի վարույթ, 127 քրեական գործ ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության, 30 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 135 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտված և քննված քրեական գործերով վնասը կազմել է 30.182.306.301 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 27.871.735.394 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 373.356.815 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց՝ 1.937.214.092 ՀՀ դրամ։

Նշված վնասից նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 12.750.705.965 ՀՀ դրամ գումար, որից պետությանը՝ 12.480.134.748 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական անձանց՝ 270.251.217 ՀՀ դրամ»։