Միջուկային պատերազմը կարող է պայթել մեր անմիջական հարևանությամբ

Լռություն, որի մեջ ահռելի վտանգ և անորոշություն կա

 

Իրանն օրերս հայտարարեց ատոմային զենք ստեղծելու համար զինական ուրան ստանալու և ատոմային ռումբ արտադրելու տեխնիկական հնարավորություններ ունենալու մասին: Դրանից հետո գիտակից աշխարհը շունչը պահած, տագնապով սպասում է` ինչ կլինի Իրանի այս հայտարարությունից հետո, Իսրայելը կզգուշանա՞ դժոխային կրակի հետ խաղալու գայթակղությունից…

Իրանն ունի ատոմային ռումբ արտադրելու տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ հարցում երկրի ղեկավարության որոշում չկա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հուլիսի 17-ին հայտարարել է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։

«Գաղտնիք չէ, որ մենք (Իրանը) տեխնիկական հնարավորություններ ունենք միջուկային ռումբ արտադրելու համար, սակայն որոշում (երկրի ղեկավարության) չկա այս հարցում»,- Խարազիի խոսքն է մեջբերել քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։

Ռազմավարական խորհրդի ղեկավարը նշել է, որ Իրանը մի քանի օրվա ընթացքում կարողացել է ուրանի հարստացման մակարդակը 20%-ից հասցնել 60%-ի, և «հեշտությամբ կարող է այդ մակարդակը հասցնել 90%-ի»։ Ընդգծենք, որ ատոմային ռումբ կամ հրթիռի մարտագլխիկ արտադրելու համար ուրանի 80%-ից բարձր հարստացվածությունն արդեն բավարար է:

Ըստ Խարազիի, Իրանի միջուկային թղթապանակի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման վերաբերյալ ԱՄՆ-ից երաշխիքների բացակայությունը «հանդիսանում է ծուղակ կողմերի միջև ցանկացած հնարավոր պայմանավորվածության համար»:

Բացի այդ, հավելել է Իրանի ներկայացուցիչը, եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անկախ և արդար լիներ, ապա «այդ ժամանակ ավելի հեշտ կլիներ լուծել տարաձայնությունները բանակցությունների մասնակիցների միջև»:

Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ հնգյակի և Գերմանիայի միջև Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) ստորագրվել է 2015 թվականին` Իրանի միջուկային մշակումների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար: Միացյալ Նահանգները 2018թ. նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դուրս է եկել նշված համաձայնագրից։ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը քանիցս ազդարարել է Վաշինգտոնի` Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պատրաստականությունը:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցած տարվա ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ` ԳՀՀԾ -ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։ Սակայն, ինչպես հասկանալի է Խարազիի խոսքից, Թեհրանն ամերիկյան կողմից չի ստացել իրեն անհրաժեշտ երաշխիքները:

Դատելով ամենից, Իրանը նկատի ունենալով, որ Իսրայելն ԱՄՆ-ի և նրա մասնակցությամբ անարդյունք բանակցությունների միջոցով փորձում է կապել իր ձեռքերը` թույլ չտալու համար, որ ուրանի առավել բարձր հարստացմամբ ստանա զինական ուրան, միաժամանակ այդ կերպ փորձում է ժամանակ շահել իր դեմ պատերազմին նախապատրաստվելու և հարձակվելու համար, հաշվի առնելով, որ առկա ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակները նպաստավոր են Իսրայելի հարձակման համար և այդ հարձակումը գնալով ավելի հավանական է դառնում, գնաց, ինչպես ասում են, վա բանկ` հայտարարեց, որ ատոմային ռումբ արտադրելն իր համար ընդամենը որոշման հարց է, այսինքն` շատ կարճ ժամանակի:

Վերոնշյալ ու հարկադիր քայլով Իրանը փորձում է կանխել իր նկատմամբ աշխարհի չարիքի առանցքի` Իսրայելի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միանգամայն հնարավոր ագրեսիան, որն առավել հավանական է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի խիստ զբաղված լինելու, Չինաստանի համար ԱՄՆ-ի կողմից Թայվանի խնդրի սրման պատճառով, ինչպես նաև Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ անգլո- ամերիկյան տանդեմի պլանների գնալով ակներև դարձող ձախողմամբ ու դրանից բխող, մահացու գազանին բնորոշ կատաղությամբ:

Միացյալ Նահանգներն Իրանի վրա Իսրայելի հարձակման դեպքում մինչ այժմ չէր խոստանում իր անմիջական ներգրավվածությունը պատերազմին, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 13-ին Իսրայել կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, տվել է այդ խոստումը Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին:

Պատահական չէ, որ արդեն ատոմային ռումբ արտադրելու տեխնիկական հնարավորություններ ունենալու մասին Իրանի հուլիսի 17-ի հայտարարությունը գրեթե անմիջապես հաջորդեց հուլիսի 13-ին Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում Բայդենին դիմավորող Յաիր Լապիդի ողջույնի խոսքում հնչեցված այն հայտարարությանը, որ ինքը մտադիր է ԱՄՆ նախագահի հետ քննարկել իրանական միջուկային ծրագրին հակազդելու, այն կանգնեցնելու նպատակով համաշխարհային ուժեղ կոալիցիայի ստեղծման և տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Ասվածը սոսկ այսբերգի վերին մասն է, Իրանին իր, կարծում ենք, դաշնակից Ռուսաստանի և Չինաստանի հատուկ ծառայությունների միջոցով նաև` տեսանելի է եղել նաև այսբերգի ստորին մասը` Իսրայելի կողմից ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների հետ միասին նախապատրաստվող մոտալուտ ագրեսիան: Հիմա Իսրայելը պետք է որ արդեն զգուշանա դժոխային կրակի հետ խաղալու գայթակղությունից, եթե երկրի ռազմաքաղաքական ղեկավարները ողջախոհության գոնե նշույլ ունեն: Իրանի հայտարարությունը նրանք պետք է ընկալեն նաև որպես ակնարկ` արդեն ատոմային ռումբ ու հրթիռների մարտագլխիկներ ունենալու մասին:

Խարազին նաև հայտարարել է, որ ցանկացած «հարևան պետության տարածքից Իրանի վրա հարձակման դեպքում Թեհրանը կպատասխանի այդ երկրներին, ինչպես նաև ուղիղ հարված կհասցնի Իսրայելին»։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում սա: Խարազիի հայտարարությունը, նախևառաջ, վերաբերվում է Ադրբեջանին, Երևան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի այցից հետո կարելի է ասել` նաև Հայաստանին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան