Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ․ «Հենակետ»

Չինաստան

  • Լոնդոնում կայացել է բրիտանական «MI 5» հակահետախուզության և ամերիկյան «ՀԴԲ»-ի պատմության մեջ առաջին համատեղ հայտարարությունը։ MI5-ի կենտրոնակայանում՝ «Thames House»-ում, Քեն Մաքքալումը և Քրիստոֆեր Ռեյը բիզնեսի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին պատմել են Չինաստանի կողմից լրտեսական ակտիվության աննախադեպ մակարդակի մասին: «Պեկինը գաղտնի ճնշում է գործադրում ամբողջ աշխարհում։ Այն կարող է վերացական թվալ, բայց դա իրական է։ Մենք պետք է անհապաղ գործենք»,- հայտարարել է MI5-ի ղեկավարը։
  • Չինական զինվորականները Թայվանի կղզու շրջանում պարեկություն և զորավարժություններ են անցկացրել։ Այս մասին հուլիսի 8-ին հայտնել է ՉԺՀ ԶՈւ մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի ին։
  • Ի պատասխան ամերիկացի սենատորի Թայվան կատարած այցի՝ չինական բանակը մարտական վարժանքներ է անցկացրել կղզու շուրջ։ «Միացյալ Նահանգների նման գործողությունները լրջորեն խախտել են «մեկ Չինաստանի» սկզբունքը»,-ասել է Չինաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը, և հավելել. «ՉԺՀ-ն խստորեն բողոք է արտահայտնում դրա դեմ։ Չինաստանի ժողորվրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ)միշտ պատրաստ է պատերազմի, ցանկացած պահի կարող ենք սկսել ռազմական գործողություններ, մենք հաստատակամորեն պաշտպանելու ենք մեր երկրի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։
  • Ղազախստանն ու Չինաստանը երրորդ երկաթուղին են կառուցում երկրների միջև։ Այս մասին հայտնել է Պեկինում Ղազախստանի դեսպան Շահրատ Նուրիշևը։
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը, իսկ Վաշինգտոնը մտադիր է խանգարել դրան։
  • Ռուսաստանից Չինաստան գազատարի շինարարությունը Մոնղոլիայի տարածքով ընթանում է նախատեսված ժամանակացույցով: Այս մասին հայտարարել է Մոնղոլիայի արտգործնախարար Բատմունհին Բատցեցեգը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ուլան Բատորում հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
  • Պատերազմում Չինաստանի աջակցությունն Ռուսաստանին բարդացնում է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հինգ ժամ տևած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Թուրքիա

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Aster հրթիռներով համալրված SAMP-T եվրոպական ՀՕՊ համակարգերի գնման հնարավորության մասին:
  • Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը Պակիստանի Ռավալպինդի քաղաքում հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ։ Պակիստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող համագործակցության, ինչպես նաև փոխադարձ և մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
  • Հունաստանի վարչապետ Կիրիակիոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո) կիրառելու մասին: Այդ հայտարարությունը հնչել է Հունաստան-Թուրքիա լարվածության համատեքստում: Միցոտակիսը մասնավորապես նշել է, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունն այն դեպքում, երբ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ: Այդ ամենը, ըստ Հունաստանի վարչապետի, խիստ անընդունելի է:
  • Թուրքիայում ՆԱՏՕ–ից դուրս գալու համար ստորագրահավաք է սկսվել ավելի քան 50 տարբեր վայրերում և օնլայն տարբերակով։ Թուրքական Aydınlık–ի փոխանցմամբ՝ «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքին քաղաքացիները մեծ ակտիվություն են ցուցաբերում։
  • Թուրքիան և Իսրայելը 71 տարի անց ավիացիոն համաձայնագիր կստորագրեն։
  • Ամերիկացի զինվորականները մեծացնում են Սիրիայի հյուսիսում պարեկության հաճախականությունը քրդական ռազմականացված կազմավորումների դեմ Թուրքիայի զինված ուժերի սպասվող ռազմական գործողության գոտում։
  • Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մոտակա օրերին որոշակի տեղաշարժեր է ակնկալում Սև ծովով Ուկրաինական հացահատիկի արտահանման այսպես կոչված հացահատիկային միջանցք ստեղծելու հարցում։ Այդ կապակցությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների միջև։
  • Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ «Մենք գործում ենք որպես միասնական բանակ և ամեն ինչ անում ենք ականներից տարածքները մաքրելու համար։ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Դա արվում է հանուն տարածաշրջանի և Հարավային Կովկասի անվտանգության համար»,- նշել է նա։
  • Թուրքիայում պատրաստվում են փոքր հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռների արտադրության «Gökdoğan» և «Bozdoğan» միջին հեռահարության, վերջնական փորձարկումներն արդեն ավարտվել են։ Տեղական արտադրության հրթիռների առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին կհանձնվի արդեն այս տարի։
  • Հաստատվել է թուրքական «Akıncı» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանումը Ադրբեջան։ Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Akıncı անօդաչու թռչող սարքի առաջին օպերատորները մի քանի օրից կավարտեն պատրաստությունը Թուրքիայում և կվերադառնան Ադրբեջան։
  • Թուրքական ռազմարդյունաբերության առաջատար «ASELSAN» կոնցեռնը հերթական պայմանագիրն է կնքել արտասահմանյան գործընկերոջ հետ։ Համաձայնագիրը նախատեսում է 24,6 մլն դոլարի պաշտպանական համակարգերի մատակարարում։

Իրան

  • Ամերիկյան Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Իրանի իշխանությունները ստիպված են եղել կտրուկ կերպով նվազեցնել երկրի տարածքում արդյունահանված նավթի գինը՝ չինական շուկայում Ռուսաստանի հետ մրցունակությունը պահպանելոու նպատակով։ Եթե մինչև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը չինական շուկայում վաճառվող իրանական նավթի մեկ բարելի գինը շուկայականից 4-ից 5 դոլարով էր էժան, ապա այժմ այդ զեղչի ծավալը հասել է 10 դոլարի։
  • Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալ Ջայլս Ուիթաքերը և մի շարք այլ դիվանագետներ ձերբակալվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից լրտեսության, ինչպես նաև ռազմական բազաներից մեկի «արգելված գոտում» հողի նմուշներ վերցնելու մեղադրանքով։
  • Սպիտակ տանը հայտարարել են, որ Իրանը պատրաստվում է իր անօդաչու թռչող սարքերը տրամադրել Ռուսաստանին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ Իրանը հարյուրավոր ԱԹՍ-ներ կտրամադրի Ռուսաստանին, այդ թվում նաև հարվածային ԱԹՍ-ներ։ Թեհրանը նաև ռուս օպերատորներին կպատրաստի արագացված տարբերակով։

Իրաք

  • Թուրքիայի հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Դուհոկ շրջանի Հիրուր գյուղի շրջակայքը։ Քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական հրետանին գյուղի ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել հուլիսի 10-ի գիշերը՝ ժամը 22։30-ի սահմաններում։ Հաղորդվել է, որ արկն ընկել է գյուղի մոտ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում։
  • Թուրքիան ձգտում է Տիգրիս գետի վրա ևս մեկ ամբարտակ կառուցել։ Իրաքի խորհրդարանի ջրային ռեսուրսների կոմիտեի ղեկավարը նախազգուշացրել է, որ Թուրքիան ծրագրում է Տիգրիս գետի վրա «Ալ Ջազիրա» անվանումով մեծ պատնեշ կառուցել, որը Իրաքին կզրկի ջրից, և ոչ մի կաթիլ ջուր Թուրքիայից Իրաք չի մտնի:

Սիրիա

  • Թուրքիան շարունակում է լրացուցիչ ուժեր տեղակայել Սիրիայի հյուսիսում քրդական ռազմականացված կազմավորումների դեմ առաջիկա գործողության գոտի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը կսկսեն ռազմական գործողությունը, երբ լիովին պատրաստ կլինեն։
  • Թուրքական բանակի զրահատեխնիկայի և ինքնագնաց հրետանու խոշոր ավտոշարասյունը Սիրիայի տարածք է մտել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը և ընթացել Թել Ռիֆաաթ քաղաքի ուղղությամբ:
  • Հզոր պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի կենտրոնում։

Իսրայել

  • Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է Կարմիր ծովի ջրատարածքում վերջին տասը տարվա ընթացքում իրանական նավատորմի ամենաբարձր ակտիվության մասին։
  • Իսրայելի ռազմածովային ուժերը մեծացնում են իրենց ներկայությունը Կարմիր ծովի ջրատարածքում՝ որպես պատասխան իրանական նավատորմի աճող ակտիվությանը: Տարածաշրջանում կտեղակայվեն նաև սուզանավեր։ Հիմնական խնդիրն է, ծածկել Էյլաթի մատույցները։
  • Հուլիսի 13-16-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Իսրայել եւ Սաուդյան Արաբիա: Թել Ավիվի միջազգային օդանավակայանը ԱՄՆ նախագահի այցի պատճառով տեղափոխվում է աշխատանքի հատուկ ռեժիմի: Բայդենը նաեւ նախատեսում է այցելել Արեւելյան Երուսաղեմ:
  • «Կապույտ վահան-3» գործողություն անվանումն է ստացել ԱՄՆ նախագահի այցի անվտանգության միջոցառումների համալիրը։ Ավելի քան 16.000 անվտանգության ուժերի և կամավորների ներգրավված են գործողությունների մեջ։ Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր լայնածավալ զորավարժություններ են անցկացրել երկրի կենտրոնական մասում՝ Սպիտակ տան ղեկավարի այցի նախապատրաստման շրջանակներում, որը սպասվում է հուլիսի 13-ին:

Աֆղանստան

  • Հուլիսի 5-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Աֆղանստանի հետ սահմանակից Ուզբեկստանի տարածքում հարակից կողմից հինգ ռեակտիվ արկեր են ընկել: Վնասվել են Թերմեզեի մի քանի բնակելի տներ։ Ավելի ուշ Թալիբները արձակման սարք են հայտնաբերել, որից անհայտ զինյալները գնդակոծել են Աֆղանստանի հետ սահմանակից Թերմեզ քաղաքը Ուզբեկստանի տարածքում:
  • Մի-17 բազմաթիրախային ուղղաթիռները, որոնք նախկինում նախատեսված էին տրամադրել Աֆղանստանին, փոխանցվել են Կիևին Միացյալ Նահանգների կողմից։
  • Թալիբների պաշտպանության նախարարը Դոհայում հանդիպել է Կատարի Էմիրի հետ։
  • Թալիբները Քաբուլում ջախջախել են ԻՊ ահաբեկչական բջիջներից մեկը։
  • Թալիբներն ու Քաթարն աշխատում են պաշտպանական ոլորտում համաձայնության վրա։ Ալ Հանաֆի Վարդակի խոսքով՝ ուժային կառույցների միջեւ համագործակցությունը վերաբերելու է ռազմական պատրաստությանը, ֆինանսական հարցերին, համազգեստին (որը Պաշտպանության նախարարությունում, Ի տարբերություն ՆԳՆ-ի, դեռեւս չեն մշակել), բժշկական ապահովմանն ու ենթակառուցվածքների կառուցմանը:

Մոլդովա / Մերձդնեստր

  • Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը չի բացառել, որ երկրի իշխանություններն ապահովում են Ուկրաինայի տարածքով արևմտյան զենքի մատակարարումը այն բեռնատարներով, որոնք ենթակա չեն զննման:
  • Մոլդովան կապեր ունի Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ միավորված վերահսկիչ հանձնաժողովի միջոցով՝ չճանաչված Մերձդնեստրում իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման համար։ «NewsMaker»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար Վալերի Միժան:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մերձդնեստրի կողմից սադրանքների մասին ՝ չհստակեցնելով դրանց էությունը։ «Սադրանքներ կան, սադրանքներ եղել են։ Անկեղծ ասած, Մերձդնեստրից սադրանքներ կան։ Նրանք փոքր են, բայց նրանք կան։ Դրանք իրականացնում է Ռուսաստանը՝ հատուկ»,- նշել է նա։

ՆԱՏՕ

  • ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները ստորագրվել են հուլիսի 5-ին, երկրները դաշինքի մեջ կմտնեն դրանց վավերացումից հետո:
  • Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարները պաշտոնապես ստորագրել են ՆԱՏՕ-ին իրենց երկրների անդամակցության մասին արձանագրությունները։ Ստոլտենբերգի խոսքով՝ մեկնարկել է Դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը:
  • Կանադան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է, որը վավերացրել է դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության մասին համաձայնագիրը։
  • Գերմանիայի Բունդեսթագը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերին։

ՀԱՊԿ

  • Հունիսի 27-ից հուլիսի 4-ը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում տեղի է ունեցել անօրինական միգրացիայի հակազդման «Անլեգալ-2022» տարածաշրջանային գործողության առաջին փուլը: Գործողության նպատակն է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում միգրացիոն իրավիճակի կայունացումը, անօրինական միգրացիայի ուղիների հայտնաբերումն ու կասեցումը: «Անլեգալ-2022»-ի ընթացքում մշակվել է անօրինական միգրացիայի կանխարգելման, հայտնաբերման եւ կանխման համակարգված միջոցառումների պլանավորման եւ անցկացման համար իրավասու մարմինների գործնական փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը:
  • Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ։ Քննարկվել և լրամշակվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացման միջոցառումների մասին» որոշման նախագիծը: Որոշում է կայացվել նախագիծը ներպետական համաձայնեցման ուղարկելու մասին։
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ղրղզստանի հետ բանակցություններ վարել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման շուրջ։