Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 2

Սկիզբը` այստեղ

Կա՞, արդյոք, այդ վտանգն իրականում, և եթե այո, որքանո՞վ է մեծ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը:

Ինչպես արդեն ներկայացրել ենք հոդվածի նախորդած մասում, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, կա գլոբալ բախման վտանգ, քանի որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի որոշումները կարող են հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմ։ Ոմանք Թրամփին գուցե համարեն անլուրջ քաղաքական գործիչ, որի հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել, բայց տեսնենք, թե նույն վտանգի առնչությամբ ինչ են ասում նաև Ռուսաստանում:

ՌԴ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռ ս. թ. մարտին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ «ոչ ոք որևէ պատերազմ չի ուզում», սակայն միջուկային բախման սպառնալիքը միշտ կա։

Երկու ամիս անց` մայիսին, Մեդվեդևը, «Ведомости-ի տեղեկացմամբ, ասել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտության առաջացման դեպքում այն կարող է վերաճել միջուկային պատերազմի, ինչն աղետալի սցենար կլինի բոլոր կողմերի համար:

«ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինա զենք մղելը, նրա զորքերի նախապատրաստումն արևմտյան տեխնիկայի օգտագործմանը, վարձկանների ուղարկումը և դաշինքի երկրների կողմից մեր սահմանների մոտ զորավարժությունների անցկացումը բարձրացնում են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ուղղակի և բացահայտ հակամարտության հավանականությունը` նրանց կողմից վարվող «լիազորագրով պատերազմի» փոխարեն,- մայիսի 12-ին իր Telegram ալիքում հրապարակած հաղորդագրությամբ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:- Նման հակամարտությունը միշտ սպառնում է վերածվել լիարժեք միջուկային պատերազմի։ Դա կլինի աղետալի բոլոր սցենարների դեպքում»:

«Լիազորագրով պատերազմի» ասելով, Մեդվեդևը նկատի ունի այժմ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ վարվող պատերազմը, նրանք Ուկրաինային լիազորել են այդ պատերազմը վարել իրենց փոխարեն։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հորդորել է արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին մտածել իրենց գործողությունների հնարավոր հետևանքների մասին:

Ի՞նչ են արել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ պետությունների ռազմաքաղաքական ղեկավարները Մեդվեդևի վերոնշյալ հայտարարությունից հետո, մտածե՞լ իրենց գործողությունների հնարավոր հետևանքների մասին… Բնավ ոչ, իսկ եթե մտածել են էլ, ապա ամենևին ոչ դրական իմաստով:

Անժխտելի փաստեր են. եթե ԱՄՆ-ը ու նրա գլխավորությամբ հավաքական Արևմուտքը Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունից առաջ ու նշված գործողության սկզբնական շրջանում Ուկրաինային տրամադրում էին պաշտպանական ու թեթև զինատեսակներ, ապա որոշ ժամանակ անց սկսեցին տրամադրել, հիմա տրամադրում են և առաջիկայում էլ տրամադրելու են մեծ ծավալներով ծանր ռազմական տեխնիկա և հարձակողական սպառազինություն, Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինծառայողների ուսուցումը շարունակվում է և կա այն ընդլայնելու առաջարկ, վարձկաններին ուղարկում են, ու սա դեռ ամենը չէ…

Նույն օրն անդրադառնալով միջուկային պատերազմի վտանգի մասին Մեդվեդևի խոսքերին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, РБК-ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի «ամենավճռական պատասխանը» տալ «Ուկրաինա և հատուկ ռազմական գործողության մեջ խցկվելու» ցանկացած փորձին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ ապրիլի վերջին նախազգուշացրել է, որ Մոսկվան կօգտագործի գործիքներ, «որոնցով ոչ ոք հիմա չի կարող պարծենալ»` Ուկրաինայի իրադարձություններին որևէ մեկի միջամտության և Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը սպառնալիքի դեպքում:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ասել է, որ միջուկային պատերազմի ռիսկերը «միանգամայն էական են», այդ վտանգը չի կարելի թերագնահատել, սակայն Ռուսաստանը ելնում է իրադարձությունների նման զարգացման անթույլատրելիության կանխադրույթից:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մայիսի 11-ին ռուսական միջուկային զինանոցն անվանել է նշանակալի հիմնախնդիր: «Ռուսաստանը շարունակում է մնալ ուժեղ սպառնալիք, որը պահանջում է սերտ և շարունակական համակարգում ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Եվրոպայում հետագա ագրեսիան կանխելու համար»,- ասել է նա:

Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել են, որ չեն ցանկանում միջամտել ռազմական գործողություններին, սակայն բազմիցս արդեն միջամտել են: Այդ կապակցությամբ փաստերը, որոնք հրապարակված են ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ներում, առաջիկայում դեռ հանգամանորեն կներկայացնենք:

Վերոնշյալ փաստերից թերևս վերջինը հունիսի 20-ին Օձերի կղզին գրավելու Ուկրաինայի հերթական փորձի ընթացքում նախապես ծրագրված ռազմական գործողությանը ԱՄՆ ռազմաօդային ուժերի (ընդգծում ենք` ոչ թե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված, այլ հենց ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող) «Global Hawk RQ-4» ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքի մասնակցությունն է :

Գրեթե մինչև 20 կմ բարձրանալու ունակ ու շատ թանկարժեք ամերիկյան ԱԹՍ-ն գտնվել է մեծ բարձրության վրա: Երկու «Բայրաքթարների» ղեկավարությամբ գրոհին մասնակցող ավելի քան 15 հետախուզական և գրոհային ԱԹՍ-ներից 13-ը խփվել են, մի քանի այլ ԱԹՍ-ների թվում «Global Hawk RQ-4»-ը չի ոչնչացվել: Դժվար է ասել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները ԱՄՆ ՌՕՈւ-ի ռազմավարական ԱԹՍ-ն ոչնչացնելու դեպքում: Ուկրաինայում մի կողմից ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, մյուս կողմից Ռուսաստանի զինված ուժերի միջև ուղղակի բախման վտանգն ամեն պահ օդում կախված է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան