Աշխարհը միջուկային պատերազմի շեմին

Մենք մտածում ենք, որ միջուկային տերությունների շահերը և, առաջին հերթին, նրանց ռազմաքաղաքական ղեկավարների ինքնապահպանման բնազդը թույլ չեն տա, որ այդ պետությունները միմյանց դեմ միջուկային պատերազմ կամ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծեն, բայց այս մտայնությունը կարող է խաբուսիկ, այսինքն` սխալ լինել: Բացի տնտեսական և այլաբնույթ շահերից և ինքնապահպանման բնազդից, կան նաև այլ իրողություններ, որոնք չի կարելի հաշվի չառնել:

Միջուկային զենքի կիրառման կամ Ուկրաինային փոխանցման վերաբերյալ հայտարարություններն ընդամենը հոխորտանքներ, սոսկ դատարկ սպառնալիքնե՞ր են արևմտյան ճամբարի ռազմաքաղաքական գործիչների կողմից, թե՞… Նախ մինչ բուն վերլուծությունը, ներկայացնենք որոշ փաստեր ու տեղեկություններ:

ՆԱՏՕ-ին կոչ է արվել պատրաստվել Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառման: Կոչ անողը, Lenta.Ru-ի տեղեկացմամբ , Գերմանիայի ռազմաօդային ուժերի  հրամանատար, գեներալ Ինգո Գերխարտցն է: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի նրան, որ դաշինքը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ։

«ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է նախապես պատրաստվել միջուկային զենքի կիրառմանը, քանի որ ցանկացած պահի կարող է առաջանալ արտակարգ իրավիճակ,- Bild հրատարակչության հաղորդման համաձայն, Կիլ քաղաքում ծովային տերությունների «Seapowers» միջազգային սիմպոզիումի ժամանակ ասել է գեներալը։- Հուսալի զսպման համար մեզ անհրաժեշտ են և՛ ոչնչացման միջոցներ, և՛ քաղաքական կամք, որպեսզի իրականացվի միջուկային զսպում, եթե դա անհրաժեշտ է»:

Ավելին. դրանից առաջ Լեհաստանի արտաքին գործերի նախկին նախարար և Եվրոպական խորհրդարանի ներկայիս պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ռուսաստանն իբր խախտել է Բուդապեշտի հուշագրի դրույթները, ուստի արևմտյան երկրներն իրավունք ունեն միջուկային զենք փոխանցել Ուկրաինային։

Հունիսի 7-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Կամիլ Գրանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ռուսաստանին Շվեդիայում և Ֆինլանդիայում միջուկային զենք չտեղակայելու երաշխիքներ տրամադրել, եթե նրանք միանան դաշինքին:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ղեկավարն օրերս կոչ է արել ստեղծել բանակ, որը կարող է հաղթել Ռուսաստանին: Բրիտանական զորքերը պետք է պատրաստ լինեն «կրկին կռվել Եվրոպայում», որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանից։ Այս մասին, «Известия»-ի տեղեկացմամբ, հայտարարել է բրիտանական բանակի նոր հրամանատար, գեներալ Պատրիկ Սանդերսը զինծառայողներին ուղղված իր ուղերձում։

«Այժմ ծայրահեղ անհրաժեշտ է ստեղծել բանակ` ունակ մարտնչելու մեր դաշնակիցների հետ և հաղթելու Ռուսաստանին մարտում»,- նրա խոսքերն է մեջբերել «The Independent»-ը:

Գեներալի խոսքով՝ այս սերունդը պետք է բանակը պատրաստի Եվրոպայում պատերազմին:

Հունիսի 17-ին Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ընթացքում Կիևին Մեծ Բրիտանիայի կողմից առաջարկել է սկսել ուկրաինական զորքերի զանգվածային ուսուցման ծրագիր՝ յուրաքանչյուր 120 օրը մեկ մինչև 10 000 զինվոր պատրաստելու հնարավորությամբ։ Նպատակը ուկրաինացիներին ոչ միայն ժամանակակից մարտ վարել, այլև արևմտյան ռազմական տեխնիկայի և զենքերի օգտագործումը սովորեցնելն է: Բացի այդ, Ջոնսոնն ասել է, որ Բրիտանիան պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային, չնայած ողջ աշխարհում ուկրաինական թեմայից հոգնածության ի հայտ գալուն։

Ինչպես տեղեկացրել է «Известия» , ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 17-ին «Հավատ և ազատություն» հանդիպման ժամանակ ելույթ ունենալով կողմնակիցների առջև, նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների պատճառով գլոբալ բախման վտանգի մասին: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի որոշումները կարող են հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմ։ Թրամփի ելույթը հեռարձակել է «C-Span»-ը։

«Մենք պետք է զգույշ լինենք, քանի որ այն, թե ինչպես մենք դա կառավարում ենք, կարող է ավարտվել հաջորդ համաշխարհային պատերազմով»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է հանրությանը գլոբալ հակամարտության հնարավորության մասին։ Մարտի 9-ին Միացյալ Նահանգների նախկին նախագահը նախազգուշացրել է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու վտանգի և երկրների միջև միջուկային բախման հավանականության մասին: Նա ասել է, որ արժե վախենալ նման սցենարից, «քանի որ Միացյալ Նահանգները ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան