Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանի Դաշնությունում երեկ կայացել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում է կայացել»,– ասացին փոխվարչապետի գրասենյակից:

Նշենք, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարների հանդիպման մասին նշվում էր նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպման մասին հաղորդագրությունում, որը հրապարակել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։