Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ հունիսի 20-ին, հրավիրված ասուլիսում հրապարակեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։

«Որևէ դեպք եթե ինձ հետ կամ իմ ընտանիքի անդամների հետ պատահի. դա կլինի վթար, վրաերթ, մեղավորին կգտնեք»,- ձայնագրությունը հրապարակելուց առաջ ասաց Վարդազարյանը։

Ջհանգիրյան – Եթե էդ մարդն ըտենց ընդունել ա ձեր ասածը և այլն, մենք գնում ենք էդ ճանապարհով, ավելին իրեն ասեմ, որ ինքը չպիտի մնա ըտեղ և այլն, ես էլ ասել եմ՝ չէ, ինքը մնալու ա։

Վարդազարյան – Էտ ո՞վ ա տենց որոշումներ կայացնում։

Ջհանգիրյան – Լավ, որ հարցաքննում ես, ուրեմն բան չեմ ասի։ Հիմա ես քեզ եմ ասում, ես խնդիր չունեմ, որոշումը քոնն ա։

Վարդազարյան – պարզ ա, որ որոշումն իմն ա, դրա պատասխանատվությունն էլ ա իմը։ Էդ սաղ ես հասկանում եմ, բայց էս մեխանիզմո՞վ, ցավացնելո՞վ։ Եթե ցավացնելով ա, ես էլ կցավացնեմ։

Ջհանգիրյան – Իրանք չեն ցավացրել քեզ։ Քեզ նորմալ առաջարկվել ա։

Վարդազարյան – Երկու հատ քրեական գործ հարուցելը ցավացնել չի՞։

Ջհանգիրյան – Երկու քրեական գործ չկա։ Էն մեկին նույնիսկ ընթացք չի տրվել։ Չեմ թողել երկրորդը, երրորդը հարուցվի։ Եթե երրորդ կամ երկրորդ քրեական գործ կա, հարուցողի… (սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում)։ Բա որ կա, ինչի՞ չի գալիս։ Ում հետ որ գնացել, խոսել է, իրենք էդ սաղ սխեման գիտեն։ Իրենք էս պուճուր բանը սենց փչել ու ներկայացրել են, որ ինքն էդ որոշումը կայացնի։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս։

Վարդազարյան – Պատճառը պիտի իմանամ չէ՞։

Ջհանգիրյան – Եկել ա քո դասախոսը, պատճառը էդ ա, վերջ։ Դու ուրիշ պատճառ մի ման արի։

Վարդազարյան – Ուզում են, որ ես իմ սկզբունքները, ընկերներիս դավաճանած լինեմ։

Ջհանգիրյան – Ո՞վ ա ուզում դավաճանած լինես, լավ է, ուրիշ բանի ես տանում …  Էդ բոլորը կանգնեցված են, և ես գարանտն եմ դրա։ Քեզ ի՞նչ ենք անում, հո չենք տանում, կախում։ Ես որ եկել եմ, ըտեղ նստել եմ, կախվա՞ծ եմ։ Էն ժամկետը, որը ասել ես, դրանից հետո, Ստեփանն էլ վկա է, ես չեմ կարա կանգնացնեմ։

Վարդազարյան -Կարաս։

Ջհանգիրյան – Չէ, դե չես լսում։ Եթե իր ասած ժամկետում որոշումը կայացնում է, ես քո առաջ եմ գարանտ։ Էդ ժամկետը, որը դու ասել ես, էդ մարդը շատ դեմ ա եղել, էդ ժամկետը ես եմ խնդրել, համաձայնեցրել։ Մինչև ստեղ գալը ես Ստեփանին էլ եմ ասել, որ որոշումը քոնն ա։ Չեմ ուզում, որ մեր մոտ ՍԴ-ի իրավիճակը սարքենք։ Էդ ոչ մեկին պատիվ չի բերում։

Վարդազարյան – Վատ բանը ո՞րն ա, ես էլ կգնամ, կնստեմ։

Ջհանգիրյան – Դե որ ուզում ես նստես, գնա, նստի, ինչ ասեմ։ Դու ես սկսել։

Վարդազարյան – Ի՞նչ եմ սկսել։

Ջհանգիրյան – Էդ հայտարարություններ, ասուլիսներ, դու ես չէ՞ սկսել։ Մնացածը դուք որոշեք, իմ համար խնդիր չկա, դու հո գիտես, ինչ պետք ա, ես հիմա էլ եմ անում։

Վարդազարյան – Հա, իհարկե գիտեմ։

Ջհանգիրյան – Ես էդ պիտի անեմ,  էդ իմ վզին դրած ա, էդ իմ պարտքն եմ համարում։

Վարդազարյան – Ուզում եմ հասկանամ՝ Ջհանգիրյան Գագիկի ինչին ա պետք էս ամենը։

Զրույցը կայացել է նախորդ տարվա փետրվարի 20-ին։

Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով, այդ առաջարկությունն արվել է վարչապետ Փաշինյանի անունից. «Ես ասել եմ՝ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև ունեմ գործուղում՝ Մոսկվա և ամսի 1-ին կհանդիպեմ վարչապետին և իրենից պետք է լսեմ»։

Վարդազարյանը նշեց, որ եթե այդ ժամկետներում հրաժարական տար, ապա իր նկատմամբ որևէ հետապնդում չէր լինի. «Ջհանգիրյանի նախագահության դեպքում կլինեի ԲԴԽ դատավոր և կարգապահական այս վարույթն էլ չէր լինի»։