Տեղեկատվական աղբանոցները փաստացիորեն քայքայում են մեր հասարակությունը

Մեզանում, երեսպաշտության «լավագույն ավանդույթներին» տուրք տալով, կարող են ամենաբարձր մակարդակով քննարկվել և որոշումներ կայացվել, դիցուք, հանրային սննդի կետում սեղանին դրվող աղամանի «հիմնահարցի» վերաբերյալ, սակայն ուշադրությունից դուրս մնալ և միգուցե նաև ծածուկ խթանվել պայմանական «Պերֆեկտ Թիվիների» գործունեությունը։

Տեղեկատվական աղբի տարածմամբ, արգահատելի երևույթների՝ մասնավորապես, փաստացի կռապաշտության, սերմանմամբ և այլ մերժելի գործունեությամբ «մասնագիտորեն» զբաղվող տասնյակ կասկածելի համացանցային ռեսուրսները, չնայած ծաղրի և քամահրանքի են արժանանում հասարակության, պատկերավոր ասած, տեղեկատվական հարդը ցորենից զանազանողների հատվածի կողմից, սակայն մեթոդաբար խաթարում են մեր հասարակության մեկ այլ զգալի մասի առողջ դատողությունը՝ փորձելով բթացնել բանականության ամեն մի նշույլ։

Առավել վտանգավոր է, որ սեփական հասարակության «ուղեղների լվացման» գրեթե արդյունաբերական ծավալները լայն իմաստով մեզ խոցելի են դարձնում նաև մշտական բնույթ կրող թշնամական տեղեկատվական ագրեսիայի նկատմամբ, այդպիսով սասանելով մեր պետության անվտանգության միգուցե առաջին հայացքից փոքր թվացող, սակայն իրականում շատ կարևոր բաղադրիչներից մեկը։

Իզուր չէ, որ հիբրիդային պատերազմի առաջին տեսաբաններից մեկը գրում է՝ «Արդի դարաշրջանում ավելի հեշտ է որևէ պետություն քայքայել, քան այն նվաճել զենքով», իսկ վերոնշյալ տեղեկատվական աղբանոցները փաստացիորեն քայքայում են մեր հասարակությունը խորքային իմաստով՝ հասարակություն, որն էլ,, ի դեպ, հենց պետության առանցքն է և դրա կերտողը։

 

Վարդան Ոսկանյան