Հայաստանում նույնպես հայտնի կենսալաբորատորիաները օղակներից մեկն են ողջ մարդկությանը սպառնացող ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության շղթայում

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն բացատրել, թե ինչով են զբաղվում Հայաստանում, ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ

 

Հայաստանում ՌԴ դեսպանատունը մոտ մեկ ամիս առաջ հանդես եկավ մի ուշագրավ հաղորդագրությամբ, որը, ցավոք, վրիպեց շատերի ուշադրությունից: Դրանում մասնավորապես նշված է, որ 2021թ. մայիսին Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ փոխըմբռնման մասին երկկողմ միջկառավարական հուշագրի իրագործման համատեքստում Ռուսաստանի մոտ հարցեր են մնում՝ կապված ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ կենսաբանական ոլորտում Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների գծով։

Դեսպանատան հայտարարության մեջ նշված է նաև, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչով են զբաղվում Հայաստանում, ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ: Դեսպանատունն այս գործոնը, բնականաբար, հաշվի է առնում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում։

Ռուսաստանի մտահոգությունները` կապված այստեղ ամերիկյան գործունեության հետևանքով իր նկատմամբ հնարավոր անվտանգային, մասնավորապես, ռազմակենսաբանական սպառնալիքների հետ, բնականաբար, մեկ ամսում չեն վերացել, որովհետև թե՛ Նիկոլի իշխանությունը, թե՛ ամերիկյան կողմը (ԱՄՆ ռազմական գերատեսչությունը` Պենտագոնը, նրա պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալությունը, այլ կառույցներ) այդ ընթացքում չեն հրաժարվել Հայաստանում գործող կենսալաբորատորիաներում ու դրանց հետ կապված, այսպես կոչված, համագործակցությունից:

Ավելին. 2021թ. մայիսին ստորագրված հիշյալ հուշագիրը հիմնականում հռչակագրային բնույթ ունի, չկա այն փաստաթուղթը, որը ռուսական կողմին թույլ կտա Հայաստանում գործող կենսալաբորատորիաների գործունեության նկատմամբ օպերատիվ, երաշխավորված ու բավարար վերահսկողություն իրականացնել, ցանկացած պահի, առանց նախնական տեղեկացման, կատարել անարգել, անխոչընդոտ, համալիր ու հանգամանալի ստուգումներ:

Ահա, այլ տեղեկությունների հետ միասին, վերոնշյալ իրողությունները նկատի ունենալով էինք «Նիկոլը և Արարատ Միրզոյանը ծանր երկընտրանքի առջև. Լավրովը նրանց կոկորդը պետք է որ բռնած լինի ամերիկյան կենսալաբորատորիաների առնչությամբ» վերտառությամբ երեկվա մեր հրապարակման  մեջ այն կարծիքը հայտնել, որ աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրակարգից չեն կարող (հիմա արդեն պետք է գրել` չէին կարող) դուրս լինել Հայաստանում գործող կենսալաբորատորիաների, դրանց, մեղմ ասած, կասկածելի ու վտանգավոր գործունեության, նշված գործունեության նկատմամբ բավարար վերահսկողության համար անհրաժեշտ հնարավորությունների ձեռքբերման խնդիրները:

Խոսքն այն կենսալաբորատորիաների մասին է, որոնք, ինչպես արդեն նշել ենք, գործում են Պենտագոնի ֆինանսավորմամբ, նրա պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության հետ «համագործակցությամբ», ամերիկյան մասնագետների ներգրավմամբ, ուղղորդմամբ, վերահսկողությամբ, փաստացի ղեկավարմամբ կամ համակարգմամբ: Լավրովը երեկ արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի և վարչապետի պաշտոնները զբաղեցնողների հետ, իսկ այսօր մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Ահա մի կարևոր մեջբերում Հայաստանում ՌԴ դեսպանատան վերոնշյալ հաղորդագրությունից.

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր կողմից ֆինանսավորվող Ռ․ Լուգարի անվան կենտրոնին (Վրաստան) ուղղորդում է Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ մանրէաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների ակտիվացման։ Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև այն մասնավոր արևմտյան ընկերությունների գործունեությունը, որոնք կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում՝ Պենտագոնի շահերից ելնելով, և Հայաստանում այն կառույցների ներկայությունը, որոնք մասնակցել են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին»:

«Lenta.Ru»-ի տեղեկացմամբ, Պենտագոնն օրերս տարածել է մի հաղորդագրություն , որով ընդունել է, որ Ուկրաինայում վերջին 20 տարվա ընթացքում աջակցել է 46 քաղաքացիական լաբորատորիաներին, առողջապահական հաստատություններին և հիվանդությունների ախտորոշման կենտրոններին, սակայն դա ներկայացրել է իբրև երկրում կենսաանվտանգությունը բարձրացնելու նպատակով արված աջակցություն:

ԱՄՆ-ն ընդգծել է, որ Ուկրաինան չի իրականացրել ռազմակենսաբանական ծրագրեր, նրա լաբորատորիաները լիովին համապատասխանում են քաղաքացիական չափանիշներին: Սակայն, փաստերը, որոնց սոսկ մի մասն ենք ներկայացրել այս թեմայով մեր նախորդած հրապարակումներում, վկայում են ճիշտ հակառակի մասին` ակնհայտ դարձնելով, որ ամերիկյան ցինիզմին, կեղծիքին ու լկտիությանը չափ ու սահման չկա, այս առումով ԱՄՆ-ն աշխարհում թերևս անմրցելի է:

Ուկրաինայում հատկապես ՌԴ ԶՈւ կատարած սկանդալային բացահայտումներից, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների հրապարակած տեղեկություններից մենք արդեն գիտենք, թե իրականում ինչ նպատակի են ծառայեցվել Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաները: Հակիրճ` դրանք օգտագործվել են ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի իրագործման, համապատասխան հետազոտությունների, գիտափորձերի և կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծման համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ավելի վաղ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել էր , որ Ռուսաստանը ՄԱԿ-ում միջազգային հետաքննություն է նախաձեռնում Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ։

«Լիակատար վստահությամբ կարող ենք ասել, որ մինչ հատուկ գործողության մեկնարկը, ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական գործունեությունը Ուկրաինայում իրականացվել է համակարգված և ծրագրված հիմունքներով»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ , այս տարվա մայիսին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ուկրաինայում կենսալաբորատորիաների գործունեությունը ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան հանձնաժողովի նիստում։

Յարովայան նաև ուշադրություն է հրավիրել կենսաանվտանգության բարձր և առավելագույն մակարդակի ամերիկյան կենսալաբորատորիաների թվի զգալի աճի վրա, ինչը վկայում է այն մասին, որ հետազոտություններ են իրականացվում հատկապես վտանգավոր ախտածինների հետ: Նրա խոսքով, ԱՄՆ-ի նման գործողությունները հիմք են տալիս ասելու, որ «պաշտպանիչ ծրագրերի քողի ներքո ամերիկացիներն ակտիվորեն փնտրում են նոր ախտածիններ, ինչպես նաև փորձարկումներ են իրականացնում՝ կառավարելու և ուժեղացնելու ախտածինների համաճարակային հատկությունները»։

Դրան, ինչպես ընդգծել է հիշյալ հանձնաժողովի համանախագահը, նպաստում է նաև ամերիկյան օրենսդրությունը: Յարովայան հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները 2017թ. հայտարարել է նման հետազոտությունների ֆինանսավորման և անցկացման եռամյա մորատորիումի վերացման մասին։

Միաժամանակ, ինչպես հայտարարել է Յարովայան, բուն ԱՄՆ-ի տարածքում գրանցվել են վտանգավոր ախտածինների արտահոսքի հետ կապված տարբեր միջադեպեր (այս թեմային առաջիկայում դեռ կանդրադառնանք):

«Այսօր մենք կարող ենք հաստատել, որ Ուկրաինայում կենսալաբորատորիաները նույնիսկ ուրվագիծ կամ նախագիծ չեն, դրանք ընդամենը օղակներից մեկն են ԱՄՆ վտանգավոր ռազմակենսաբանական գործունեության շղթայում, որը սպառնում է, առանց չափազանցության, ողջ մարդկությանը,- ասել է Պետդումայի փոխնախագահը:- Այսօր աշխարհը միասնական կենսատարածք է, որտեղ մեկ սուբյեկտի ցանկացած վտանգավոր գործունեություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ բոլոր երկրների և բոլոր պետությունների համար»:

Ընդգծենք, որ Յարովայայի նշած օղակներից մեկն էլ Հայաստանում գործող վերոնշյալ կենսալաբորատորիաներն են:

Այո, ԱՄՆ-ի նման գործողությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ ամերիկացիներն աշխարհի տարբեր երկրներում գործող կենսալաբորատորիաների միջոցով, «պաշտպանիչ» ծրագրերի քողի ներքո, ակտիվորեն փորձարկումներ են իրականացնում` կառավարելու և ուժեղացնելու արդեն իսկ գոյություն ունեցող ախտածինների համաճարակային հատկությունները: Դա կատարվում է կենսալաբորատորիաներում գենային ճարտարագիտության և այլ հնարքների գործադրմամբ խիստ վտանգավոր, մահաբեր վիրուսների և բակտերիաների գենոմների արհեստական փոփոխությամբ, այդ կերպ բարձրացնելով ախտածինների վարակելիության, մահաբերության մակարդակը, կայուն և դեղակայուն լինելու հատկանիշները:

Չենք կասկածում, որ վերոնշյալ փոփոխությունների արգասիք են նաև մեզանից և, ընդհանրապես, աշխարհից այդքան կյանքեր խլած նոր կորոնավիրուսը, ինչպես նաև ներկայումս արագորեն տարածվող կապկի ծաղկի վիրուսը, որի հարուցած հիվանդության հաստատված դեպքերը կարճ ժամանակում արձանագրվել են երեք տասնյակից ավելի երկրներում:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, անցյալ ամիս Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումից Նիկոլի վերադարձի օրը, Վանաձորում գտնվող կենսալաբորատորիայում գտնվող այն նյութերը, սարքերը, որոնք ՌԴ ստուգման դեպքում կարող էին հանգեցնել սկանդալային բացահայտումների, շատ ուշ գիշերով բարձվել են բեռնատարը և տարվել անհայտ ուղղությամբ: Հետաքրքիր է` կփորձե՞ն հերքել… Իսկ եթե ոչ, ընդամենը մեկ պարզ հարց. ի՞նչ է` նիկոլենք կարծում են, թե կարո՞ղ են խաբել Պուտինին կամ Ռուսաստանին…

 

Արթուր Հովհաննիսյան