Ավտովթարից տուժած 11 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետևանքով տուժած 11 զինվորների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

«11 տղաներից միայն մեկը հավանաբար ստացել է երկկողմանի կոտրվածք։ Մնացած տասը տղաները ստացել են թեթև քերծվածքներ և ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն»,- նշել են ՊՆ-ից։

Ավելի վաղ Shamshyan.com հաղորդել էր, որ Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։