Լավրովը նշել է, թե եվրոպական որ երկիրն է Ուկրաինայում նեոնացիզմ հրահրում

Ֆրանսիան, ցավոք, Ուկրաինայում նեոնացիզմի հրահրման առաջատարներից է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ցավոք, ուկրաինական ազգայնականության, նեոնացիզմի հրահրման առումով Ֆրանսիան խաղում է նախաձեռնող դերերից մեկը: Մենք ցավում ենք՝ դա տեսնելով»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Փարիզն ակտիվորեն զբաղվում է Ուկրաինային մատակարարումների, այդ թվում՝ հարձակողական սպառազինությունների հարցով, պահանջում է պատերազմ մղել մինչև հաղթական ավարտ, պարտության մատնել Ռուսաստանին։

«Սա միայն ցույց է տալիս, որ Արևմուտքին ուղղված մեր երկար տարիների կոչերը՝ համաձայնության հասնել հավասար հիմունքներով, ոչ միայն չլսվեցին, այլ միտումնավոր անտեսվեցին: Սա նշանակում է, որ Արևմուտքը երբեք չի ցանկացել հավասար համայնք և համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ», – եզրափակել է ռուս նախարարը։