Շատ շուտով Ուկրաինայում Հաղթանակի երկու օր է լինելու, իսկ ինչ-որ մեկն ընդհանրապես չի ունենա․ հաղթելու ենք․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ ուղերձ է ձայնագրել։  zn.ua-ի տեղեկացմամբ, նա ասել է․

«Չկա ավելի վտանգավոր բան, քան նենգ թշնամին, բայց չկա ավելի թունավոր բան, քան երևակայական ընկերը: Սրանք ուկրաինացի մեծ փիլիսոփա Գրիգորի Սկովորոդայի խոսքերն են… փետրվարի 24-ին մենք հասկացանք այս ճշմարտությունը:
Սա երկու բանակների պատերազմ չէ, սա երկու աշխարհայացքի պատերազմ է։ Այսօր մենք պատերազմի մեջ ենք և ոչ մեկին չենք զիջի մեր հողից ոչ մի կտոր, այսօր նշում ենք նացիզմի դեմ հաղթանակի օրը և ոչ մեկին չենք տա մեր պատմության ոչ մի կտոր։ Նացիզմի դեմ հաղթանակի օրը մենք պայքարում ենք նոր հաղթանակի համար։ Դրա ճանապարհը դժվար է, բայց մենք չենք կասկածում, որ հաղթելու ենք։
Մենք տարբեր պատերազմներ ենք ապրել։ Բայց նրանք բոլորն էլ նույն ավարտն ունեցան… Մեր հողը փամփուշտներով ու արկերով ցանվեց, բայց ոչ մի թշնամի չկարողացավ արմատավորվել։ Չկա զավթիչ, որը կարող է իշխել մեր ազատ ժողովրդի վրա։ Վաղ թե ուշ մենք հաղթում ենք… հաղթում ենք, քանի որ սա մեր հողն է։
Եվ շատ շուտով Ուկրաինայում երկու հաղթանակի օր է լինելու։ Իսկ ինչ-որ մեկն ընդհանրապես չի ունենա: Այն ժամանակ մենք հաղթեցինք։ Հիմա էլ ենք հաղթելու:

Շնորհավոր նացիզմի դեմ հաղթանակի օրը:

Փա՛ռք Ուկրաինային», – ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆ-ը և ԵՄ-ը գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Արևմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: