Ադրբեջանից բացի, Ռուսաստանին իր կոտոշները սկսել է ցույց տալ նաև Թուրքիան

Դժվար է չնկատել Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կտրուկ փոփոխությունը

 

Գաղտնիք չէ, որ Թուրքիան Ռուսաստանին խորքում, ոչ բացահայտ կերպով համարում է իր թիվ 1 թշնամին, իր պանթյուրքական ու պանիսլամական ծրագրերի առջև գտնվող ամենամեծ խոչընդոտը, ինչը, անշուշտ, հայտնի է նաև Ռուսաստանին:

Այլ խնդիր է, որ նույնիսկ Սիրիայում 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16C կործանչի կողմից ՌԴ օդատիեզերական ուժերի Су-24М ճակատային ռմբակոծչի խոցումից հետո Ռուսաստանն ու Թուրքիան նախընտրեցին միմյանց հետ կեղծ բարեկամություն խաղալ: Ոչ միայն նրա համար, որ դա երկու կողմին էլ տնտեսապես շահավետ ու քաղաքական առումով ձեռնտու է, այլև հիմնականում այն պատճառով, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի համար վաղաժամ պատերազմը հակացուցված է:

Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիան արդեն փակել է իր օդային տարածքը դեպի Սիրիա թռչող ռուսական ռազմական ու նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռների համար: Ավելին. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 1-ին արդեն համարձակվել է Մոսկվային զգուշացնել ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի վրա հարձակման դեպքում արձագանքելու մասին: Նրա հավաստմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) Ռուսաստանին կտա անհրաժեշտ պատասխանը, եթե նա հարձակվի իր անդամներից որևէ մեկի վրա։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Լատինական Ամերիկա կատարած շրջագայությունից հետո, ըստ թուրքական «Sabah» թերթի, հայտարարել է. «… եթե նույնիսկ ամենափոքր հարձակում լինի որևէ դաշնակցի վրա, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»:

Թվում է, թե Չավուշօղլուի հայտարարության մեջ ոչ մի արտառոց բան չկա, քանի որ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, դաշինքի ցանկացած անդամի նկատմամբ զինված հարձակման դեպքում տվյալ հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների դեմ որպես ամբողջություն, հետևաբար ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ համաձայնում է ու պարտավորված է աջակցել նման հարձակման ենթարկվածին` անհապաղ ձեռնարկելով այնպիսի անհատական ​​կամ կոլեկտիվ գործողություններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի, ներառյալ` զինված ուժի կիրառումը:

Մինչդեռ, արտառոցն այն է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ընթացքում Թուրքիան, չնայած Ռուսաստանի հետ իր «բարեկամական» հարաբերություններին, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող այն սակավաթիվ պետություններից մեկն է, որ Ռուսաստանին սպառնացել է դաշինքի որևէ անդամի դեմ նույնիսկ ամենափոքր հարձակման դեպքում իր համապատասխան պատասխանով (որքան տեղյակ ենք, այդպիսի սպառնալիքով հանդես է եկել միայն ԱՄՆ-ը), ընդ որում, շատ լավ իմանալով, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության վրա հարձակվելու մտադրություն չունի:

Ի՞նչ է ակնարկել, ինչի՞ վերաբերյալ է զգուշացրել Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում նշելով` ամենափոքր հարձակման դեպքում… Կարծում եմ, Թուրքիայի զգուշացումը վերաբերվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա տեղափոխող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ինքնաթիռների, ինչպես նաև Լեհաստանի երկաթուղային շարժակազմերի ու բեռնատարների հնարավոր ոչնչացմանը, որոնց միջոցով, ի դեպ, Ուկրաինա են հասնում նաև իր «Բայրաքթար ՏԲ2» հարվածային-հետախուզական ԱԹՍ-ները:

Թերևս պատահական չէ, որ Չավուշօղլուի հայտարարության հենց հաջորդ օրը` մայիսի 2-ին, ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, թուրքական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույցի միջոցով բանակցություններ են կազմակերպվել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև: Բանակցությունների շրջանակում քննարկվել են Ուկրաինայում ընթացող հակամարտությունը, առկա իրավիճակը, ինչպես նաև այլ հարցեր:

Չնայած Թուրքիայի հիշյալ զգուշացմանը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի 4-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ընթացքում, ТАСС-ի տեղեկացմամբ , վստահեցրել է. որ Ուկրաինայի Զինված ուժերի համար զենքով և զինամթերքով Ուկրաինա ժամանած ՆԱՏՕ-ի մեքենաները կոչնչացվեն:

«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենքեր մղել Ուկրաինա»,- ասել է Շոյգուն և հավելել, որ դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել զենքով կամ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նյութական միջոցներով, համարվում է խոցման համար օրինական թիրախ։

 

Արթուր Հովհաննիսյան