Ազգակործան պատուհասի հետ սեղան նստելու հարց չունենք. Սաղաթելյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը, որտեղ առաջին նախագահը մասնավորապես ասել էր․ « ․․․ ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: Այնուհետև Տեր-Պետրոսյանը կոչ է արել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստել։

«Դու այդ նույն խոսքերն ասում էիր նաև 1997 և 1998թ-ին։ Ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է , «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել»։ Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եկավ այլ իշխանություն՝ մենք չզիջեցինք և Հայաստանն ու Արցախը 20 տարի զարգացան՝ չզիջելով»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Բայց երբ 2018-ին իշխանության եկան քո՛ գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, ովքեր կրկին այդ գծի մեջ էին, որ «պետք ա տանք, ուրիշ ճար չկա», Արցախի 72 տոկոսը տվեցին։ Հիմա ժամանկն է, որ սրանք հեռանան, որպեսզի եղածը կարողանանք փրկել։ Հետևաբար մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը  որևէ բան չեք կարող փաթաթել»,- ասաց Սաղաթելյանը։

Ապա, կրկնելով հենց առաջին նախագահի կողմից 2021 թ-ի նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի մասին արված արտահայտությունը, Սաղաթելյանն ասաց․ «Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք, իր հետ ունենք մեկ օրակարգ․ խաղաղ, անցնցում րոպե առաջ հեռացում»։