Պոպուլիզմի դարաշրջանն անցել է. հասկանում ենք ՝ գալու է մարդկանց սպասումներն իրականացնելու օրը, իսկ մենք ի վիճակի չենք լինելու դրա տակից դուրս գալ. Արսեն Քարամյան

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը հերքում է իր առնչությունը այսօր Երեւանի մի շարք կամուրջներ բեռնատարներով փակելու հետ: Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե կամուրջներ փակած բեռնատարները պատկանում էին «Էյ Դի Էյ Թեք» ընկերությանը, որի սեփականատերն ինքն է, Արսեն Քարամյանը կրկին հերքեց. «Ես որեւէ առնչություն չունեմ շրջանառվող տեղեկությունների մեջ մատնանշվող ընկերության հետ, չեմ հանդիսանում հիմնադիր, սեփականատեր: Հանդիսանում եմ ընդամենը պատվիրատու: Շինաշխատանքներ կատարելու համար ժամանակին պայմանագրեր եմ կնքել այդ ու ոչ միայն այդ ընկերության հետ. այդքան բան»:

Փոխնախարարը Aravot.am-ին ասաց, որ քաղաքացիական իրավունքների առաջմղման ջատագովն է, այս օրերին ընտանիքի անդամների հետ մասնակցում է երթերին, հանրահավաքներին. «Մեր քաղաքացիները ազատ են իրենց իրավունքները առաջ մղելուն Սահմանադրությամբ եւ օրենքի չարգելված տարբերակներով: Բռնությանը վատ եմ վերաբերում, ինչպես վատ էի վերաբերում 2018-ին: Ես մասնակցում եմ այս պայքարին որոշակիորեն՝ որպես հանդիսատես, որպես ակտիվ քաղաքացի, որպես կուսակցական: Երթերին, հանրահավաքներին մասնակցում եմ ընկերներիս, ընտանիքիս անդամների հետ»:

Մեր հարցին՝ համամի՞տ եք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը բացի մորուք պահելուց՝ ամեն ինչում կրկնօրինակում են 2018 թվականի իրենց պայքարի ձեւերը, Արսեն Քարամյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա՝ ով, ում է կրկնօրինակում ու ինչի համար է կրկնօրինակում:

Համենայն դեպս, չեմ կարծում՝ իրենց օրինակը հաջողված է, որ ինչ-որ մի խելոք մարդ էլ բռնի ու իրենց կրկնօրինակի: Երբ մենք էինք քաղաքական ասպարեզում եւ Հայաստանի ղեկն էինք վարում, այդ ղեկը վարում էինք անվթար, գոնե երկրում խաղաղություն էր, սահմաններում հարաբերական հանգիստ էր: Որեւէ թիզ սանտիմետր հող չէր պակասում:

Մեր ձեռագիրը դա է եղել, իսկ եթե ոմանք ինչ որ բան են արել անհաջող ձեւով ու վթարի են ենթարկել, մենք այդ վթարը կրկնօրինակելու ոչ ցանկություն ունենք, ոչ՝ բնատուր կարողություն, ոչ էլ՝ նպատակ»: